Ամեն տարվա պես, այս տարի էլ տոներին սահմանում իրավիճակը լարված էր: Հակառակորդի կողմից հրադադարի խախտում, ինտենսիվ կրակոցներ, դիվերսիոն հարձակումների փորձեր եւ, դժբախտաբար, զոհեր: 2015-ը թեւակոխեցինք 5 զոհով, պաշտոնապես հաստատվեց 3-ը: Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են 2 զինծառայող՝ Կարեն Գրիգորյանը եւ Վարդան Մկրտչյանը, վիրավորվել է զինծառայող Վոլոդյա Հարությունյանը: Թեեւ հակառակորդը նույնպես կորուստներ է արձանագրել, սակայն դա չթուլացրեց ագրեսիան: Ռազմական գործողությունները շարունակվեցին, իսկ հունվարի 6-ին դարձյալ խոսվեց 2 զոհի մասին, սակայն այս փաստը պաշտոնապես չի հաստատվել: Հունվարի 11-ին, ժամը 17:30-ի սահմաններում Տավուշի մարզի հայ-ադրբեջանական պետական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինուժը կրկին դիվերսիոն փորձ իրականացրեց: Ըստ ՊՆ հաղորդագրության, նշված խումբը հայտնաբերվել եւ չեզոքացվել է, սակայն փոխհրաձգության ընթացքում զոհվել է հովիվ Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը` ծնված 1935թ.: Երեկ երեկոյան էլ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Միսակ Արմենի Հակոբյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։