ԱԺ-ի մոտ բողոքի ելած առեւտրականները խնդրում են չքաղաքականացնել իրենց խնդիրը՝ իրենք «հացի համար են ոտքի ելել», բայց պատրաստ են ընդունել իրենց օգնության ձեռք մեկնող կուսակցությունների առաջարկները: «Հնարավոր է նաեւ, որ այս ամենն անում են, որպեսզի մենք հոկտեմբերի 10-ին տեղի ունեցող հանրահավաքին մասնակցենք: Պետք է մի բան հիշեք, որ մեզ իրենց հանրահավաքները չեն հետաքրքրում, մեր ընտրած մարդիկ են՝ թող մեզ օգնեն: Այլ ոչ թե մեզանից պահանջեն, որ մասնակցենք հանրահավաքին»,-ասում է նրանցից մեկը: ԱԺ արտահերթ նիստին պետք է քննարկվեր ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ մտցնել «Շրջանառության հարկի մասին» այսօրվանից ուժի մեջ մտնող նոր օրենքում, սակայն նիստը չկայացավ, քանի որ 66 պատգամավորի փոխարեն գրանցվել էր ընդամենը 37-ը: «Թքենք ձեր երեսին, հանրապետականներ»,- բղավում էին ակցիայի մասնակիցները եւ ընդդիմադիր պատգամավորներին հարցնում. «Դե հիմա ասեք՝ մենք ի՞նչ անենք»: ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը նշեց, որ քառյակի ուժերն այս հարցում վճռական են տրամադրված: Նա չբացառեց նաեւ, որ ոչ իշխանական ուժերը մեկ անգամ եւս կնախաձեռնեն ստորագրահավաք` կրկին արտահերթ նիստ անցկացնելու պահանջով: «Առավոտյան մենք կհրավիրենք քառյակի նիստ, չնայած նախապես արդեն քննարկել ենք հնարավոր լուծումները, բայց, իհարկե, շատ բան կախված է հասարակական ճնշումներից»,- նշեց ԲՀԿ պատգամավորը: Հայ ազգային կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով` սա ոչ թե տնտեսական, այլ քաղաքական խնդիր է: «Իշխանությունները չեն ուզում, որ դուք աշխատեք, այլ ուզում են, որ լքեք ձեր կրպակները, լքեք ձեր երկիրը: Ես հարց տվեցի Գալուստ Սահակյանին` սա ձեր քաղաքական որոշո՞ւմն է, թե՞ ոչ, իսկ նա չկարողացավ պատասխանել: Իրենք բոլորը դա շատ լավ հասկանում են, որ քաղաքացիների պահանջն արդար է, որ այս օրենքի կիրառումը վնասում է փոքր ձեռնարկատերերին, ուղղակի իրենք որոշում կայացնելու իրավունք չունեն, քանի որ Բաղրամյան 26-ը թույլ չի տվել:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթում