«Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան տեղափոխելու գործընթացն արդեն կարելի է սկսել, քանի որ կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ»,- AraratNews-ին հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը:
Հրաչյա Հարությունյանի հարազատներն արդեն տեղեկացվել են, թե ինչպես պետք է սկսեն կալանավորի տեղափոխումը Հայաստան, հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականը. «Արդեն իսկ խոսվել է ընտանիքի անդամների հետ և ասվել, թե ինչպես պետք է կազմակերպվի այդ գործընթացը: Պետք է անհրաժեշտ դիմումներ գրվի թե Ռուսաստանի, թե Հայաստանի արդարադատության նախարարներին՝ խնդրելով, որ եթե հնարավոր է կազմակերպեն նրա տեղափոխումը: Նրանք միայն կարող են կազմակերպել այդ գործընթացը, և եթե լինեն մերժումներ կամ խոչընդոտներ՝ հարազատները կդիմեն մեզ: Այդ դեպքում արդեն Մարդու իրավունքների պաշտպանը կարող է արձագանքել»:
Ինչպես հայտնեց Երանուհի Թումանյանցը՝ ներկա իրավիճակում ՄԻՊ-ը այս գործընթացում որևէ անելիք չունի. «Մինչև անձամբ Հրաչյա Հարությունյանը չդիմի մեզ և հայտ չներկայացնի Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու համար՝ մենք ի զորու չենք որևէ կերպ միջամտել այս գործընթացին»:
«Առողջական որևէ լուրջ խնդիր կամ բողոքներ ներկա պահին չունի Հրաչյա Հարությունյանը, որը կարող էր մտահոգիչ լինել մեզ»,- հայտնեց Երանուհի Թումանյանցը:
Նշենք, որ Հրաչյա Հարությունյանը Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել և 6 տարի 9 ամսվա բանտարկության է դատապարտվել: