-Մարիա’մ, դու ուժեղ ես, մի բան կանես. դու կարող ես…
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը կապիտան Հովսեփ Կիրակոսյանի՝ կնոջն ուղղված վերջին պատգամն էր: Ինքը՝ Հովսեփը, շտապում էր. հակառակորդի ձեռնարկած լայնածավալ մարտական գործողությունների ժամանակ կապիտանն իր զինվորներին մենակ թողնել չէր կարող:
«Գիշերվա ժամը 3-ն էր: Արթնացա պատուհանի թակոցից: Հովսեփին հանեցի քնից, նա դուրս եկավ ու, վայրկյաններ անց, հետ վերադարձավ տուն: Անհանգիստ էր: Միայն մի բան ասեց՝ «Երեխեքի շորերը հագցրու, իջեք նկուղ»: Չհասցրեց անգամ ինձ օգնել, որ երեխեքի շորերը հագցնեմ: Ինքն արագ հագնվեց ու դուրս եկավ տանից: Չեմ հիշում, թե ինչ վիճակում մեծ տղայիս շորերը հագցրեցի, փոքրին էլ, վերմակով ծածկած, գրկեցի ու վազեցինք նկուղ:
Կարճ ժամանակ անց Հովսեփը վերադարձավ, արագ հագավ դաշտային համազգեստը, մեզ հաջողություն մաղթեց ու գնաց… այդ ընթացքում միայն հասցրեց ասել, որ երեխեքի հետ փախնեմ տանից: Ասացի՝ «Հովսեփ, օգնի, չեմ կարողանում կողմնորոշվել, չգիտեմ՝ էս անորոշության մեջից ո՞նց դուրս գամ», ասեց՝ «Չէ, Մա՛ր, կներես. չեմ կարող: 25 զինվոր ունեմ, պիտի նրանց կողքին լինեմ: Որ նրանց մի բան պատահի, ծնողների աչքերին ո՞նց նայեմ»: Ես լաց էի լինում, չգիտեի՝ ի՞նչ ու ո՞նց անել, ո՞ւր փախչել: Ասեց՝ «Մարիա’մ, դու ուժեղ ես, մի բան կանես. դու կարող ես» ու գնաց…»,- պատմում է Հովսեփի կինը:
Մարիամին՝ երկու տղաների հետ միասին, Մատաղիսի տանից հաջողվեց փախչել: Հովսեփի ընկերոջ կինը, ով նրանց հարեւանուհին էր, առաջարկեց նստել մեքենան ու հեռանալ գյուղից՝ իրենց հետ վերցնելով Մատաղիսում բնակվող եւս երկու զինվորականի կանանց ու երեխաների:
«Ընդամենը չորս օրվա վարորդ էր այդ կինը: Որոշեցինք՝ փախնում ենք: Կարեւոր չէր՝ մեքենան ձորը կգլորվեր, ինչ-որ տեղ կհասնեինք, թե՝ ոչ. այդ պահին կարեւորն ամեն գնով այնտեղից փախնելն էր: Հիմա միայն կրակոցների ձայնն եմ հիշում: Սարսափելի էր: Մեքենայի վրա կրակում էին: Մեզ հետ մի հղի կին կար, նրա ու վախեցած երեխաների մասին էինք մտածում: Ճանապարհին մի մեքենայի հանդիպեցինք, որի վարորդը կրակոցից վիրավորվել էր: Այդ մեքենայում գտնվող երկու կանանց ու երեխաներին էլ վերցրեցինք մեզ հետ: Երբ հասանք Մարտակերտ, Հովսեփը զանգեց, ասացի, որ այնտեղից մեքենան պետք է փոխենք ու գնանք Ստեփանակերտ՝ մեր աղջիկներից մեկի սկեսրոջ տուն: Ստեփանակերտ հասնելուց հետո զանգեցի Հովսեփին՝ ցերեկը 12:27 էր: Միայն մի բան ասեց՝ «Մարիա՛մ, կգամ ձեր հետեւից». դրանից հետո էլ Հովսեփի հետ չկարողացա խոսել. անհասանելի է…»:
Հետո Մարիամի համար մի նոր ու անհասկանալի իրավիճակ պետք է ստեղծվեր՝ ինչո՞ւ է ամուսնու հեռախոսն անջատած, իսկ ընկերները, որոնք մինչ այդ նրա կողքին էին, ասեին, թե հեռու են նրանից ու հեռախոսը չեն կարող փոխանցել կապիտանին: Հովսեփն այդ ընթացքում հասցրել էր զանգել նաեւ Արմավիրում գտնվող եղբորը՝ ասելով, որ «շուտ հասնի Արցախ՝ կնոջն ու երեխաներին փրկելու»:
Ծառայակից ընկերները պատմում են՝ 25 զինվորին թողնելով խրամատում՝ կապիտան Կիրակոսյանը դուրս է եկել բաց դաշտ՝ հակառակորդի հետ կռվի, որի ժամանակ էլ վիրավորվել է: Զինվորները նրան խրամատ են տարել, բայց, ինտենսիվ կրակոցների պատճառով, չեն կարողացել դուրս բերել տարածքից, իսկ արնահոսող Կիրակոսյանը հրամայել է՝ «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»: Մարտի ընթացքում Կիրակոսյանի 25 զինվորից երկուսը վիրավորվել են, որոնց վիճակն այս պահին կայուն է գնահատվում:
Հիմա ընկերը Մարիամին ու Հովսեփի ծնողներին շարունակ մի բան է ասում՝ «Կներեք, որ չկարողացանք փրկել նրա կյանքը: Մինչեւ վերջ ասաց, թե ինքը լավ է, մենք պետք է շարունակենք կռիվը»:
«Չորս օրվա պատերազմն արցախյան առաջին պատերազմից ավելի դաժան թվաց: Ամեն օրն ասես մի տարի լիներ: Չեմ պատկերացնում, թե ինչ բարձր պատասխանատվության զգացում պետք է ունենա սպան զինվորի ծնողի առջեւ, որ իր կնոջն ու երեխաներին օգնել չհասցնի՝ մտածելով, թե զինվորի ծնողների աչքերին պետք է նայել կարողանա: Իմ աչքերը թաց մնացին, բայց հպարտ եմ տղայիս արածով»,-ասում է հերոսի մայրն ու հիշում, թե ինչպես են ամուսնու հետ, տարիներ շարունակ, փորձել Հովսեփին հետ պահել զինվորական դառնալու մտադրությունից:
Լուսանկարը` Կիրակոսյանների ընտանեկան արխիվից
Հովսեփը ռազմական ինստիտուտ ընդունվելու համար առաջինը ռազմագիտության ուսուցչին է ասել, հետո՝ ծնողներին, իսկ մորը հորդորել, որ համոզի հայրիկին, ով մեկ ամիս շարունակ չի ստորագրել որդու դիմումը:
«Վերջում Զինվորական կոմիսարիատից մարդ եկավ տուն՝ ասելով, թե «Տղայիդ երազանքը ինչի՞ չես թողում իրականանա, ստորագրի թող գնա»»,- հիշում է հայրը:
Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո Հովսեփը տեղափոխվել է Ստեփանակերտի զորամաս, իսկ պայմանագրի ավարտից հետո՝ 7 ամիս առաջ՝ Մատաղիս: Հայրը պատմում է, որ այդ ընթացքում որդին առաջարկ է ստացել տեղափոխվել Նոյեմբերյանի զորամաս, բայց Հովսեփը վստահ էր՝ «Արցախն ավելի խոցելի է» ու, ինչպես ինստիտուտ ընդունվելուց էր ասել՝ «Որոշել եմ, պետք է գնամ», այնպես էլ՝ առաջնագիծ գնալուց:
«Ասում էի, բալես, վտանգավոր է, երկու երեխա ունես, առաջին գիծ մի գնա, զայրանում էր՝ «Մա՛մ, որ բոլորը վտանգի մասին մտածեն, մեր հողն ո՞վ է պահելու: Սկուտեղի վրա մեր հայրենիքը չենք մատուցելու թշնամուն, սա մեր պարտքն է»»:
Տեսնելով տատիկի արցունքները՝ Հովսեփի երեք տարեկան որդին՝ Գեղամը, վազում է նրա մոտ ու կրկնում տասն օրից ավել անգիր արած, բայց իր համար համոզիչ խոսքերը՝ «Տատի՛կ, մի՛ լացի, Հոսոս թուրքերին կսպանի ու կգա մեր հետեւից», հետո էլ պտտվում է մոր կողմն ու վստահեցնում՝ «Հոսոյի հեռախոսի մարտկոցն է նստել, դրա համար չի կարողանում պատասխանել»:
Լուսանկարը` Կիրակոսյանների ընտանեկան արխիվից
Կապիտանի երեխաները սպասում են հոր վերադարձին: Երկու տարեկան Էրիկն ամեն օր, քնելուց առաջ, ասում է, թե «Երբ շատ մութ լինի, Հոսոն տուն է գալու», առավոտյան էլ ինքն իր վրա զայրանում՝ «ինչո՞ւ ուշ արթնացավ ու Հոսոյին էլի չտեսավ»:
Լուսանկարը` Սուրեն Ստեփանյանի
Էրիկի աչքերում կարոտը խեղդող ու լուսարձակող ժպիտ է հայտնվում, երբ ձեռքումս տեսնում է հոր լուսանկարները՝ «Վա՜յ, Հոսոս ա: Բա ինչի՞ է էստեղ եկել: Ինքը գնացել է թուրքերի հետ կռվելու: Ի՞նչ է անում Հոսոս…». չկարողանալով պատասխանել երեխայի հարցերին՝ փորձում եմ փակել ալբոմն ու շեղել նրա ուշադրությունը, բայց փոքրիկը զայրանում է՝ «թո՛ղ, իմ Հոսոն ա, մի՛ տար», վերցնում է ալբոմն իմ ձեռքից ու փոխարենն ինքն ինձ «խաբում» իր խաղալիք ատրճանակով…
Հովսեփի կինը վստահ է՝ եթե երեխաների մոտ մարդ լիներ, այդ պահին, առանց վարանելու, կգնար ամուսնու հետեւից:
«Հովսեփը սպասում էր այդ օրվան: Միշտ ասում էր՝ «Մար, ուշ թե շուտ, մի օր սկսելու է»: Բայց այդպես չէինք պատկերացնում: Այս անգամ ես էլ էի կարծում, թե թուրքը հերթական խաղն է խաղում»:
Կարգապահ, անվախ, բանիմաց, հպարտ, շատ ուշադիր ու հոգատար սպա. այսպիսին է կապիտան Կիրակոսյանը ծառայակից ընկերների աչքերում: Ասում են, ամեն գիշեր, քնելուց առաջ գնում էր զորամաս՝ տեսնելու արդյո՞ք ամեն ինչ կարգին է:
«Չեր սիրում, երբ իրեն խաբում էին, ամեն ինչ պետք է իր աչքով տեսներ, որ հավատար: Արգելում էր, որ զինվորը տանից ինչ-որ բան ուզի: Ամանորին կամ ծնունդ ունենալու դեպքում, հաճախ, ինքն էր ինչ-որ բան գնում ու խնդրում պատրաստեմ, որ տանի վաշտի տղաներին հյուրասիրելու: Վերջին անգամ էլ, տղաներից մեկի ծննդյան առթիվ, ձուկ պատրաստեցինք»,-պատմում է կինն ու հավելում,- «Զինվորների առջեւ մի պայման էր դրել՝ ցանկացած առիթ նշելուց ալկոհոլը պետք է հյութով փոխարինեն»:
Լուսանկարը` Կիրակոսյանների ընտանեկան արխիվից
Կապիտան Կիրակոսյանը երկու զինվորի պատրաստվում էր սերժանտի կոչում տալ: Ասում են՝ բանավոր ասել էր, բայց չհասցրեց պաշտոնապես շնորհել: Ինքն էլ ամիսներ անց պետք է մայոր դառնար:
«Մի անգամ զանգեց, ասեց՝ «Մա՛մ, դասերի եմ գնում: Մի քանի ամսից՝ 28 տարիս հենց լրանա, մայոր եմ դառնալու»: Ձայն չհանեցի, ասաց՝ «Մա՛մ, ուրա՞խ չես: Ուզես, թե՝ ոչ, ես զինվորական եմ, սա իմ կյանքն է»:
Հովսեփ Կիրակոսյանը, սակայն, շատ էր սիրում կապիտանի կոչումը: Որոշել էր՝ մայոր դառնալուց հետո էլ շարունակելու էր ուսումն ու օրինակ ծառայելու իր տղաներին: Երազում էր, որ որդիներն էլ լավ կրթություն ստանան: Գեղամին տեսնում էր գիտության ոլորտում:
«Մեծ տղաս շատ է սիրում ռազմական գործը»,- ասում է Մարիամն ու, չկարողանալով զսպել արցունքները, հավելում,- «Երբեք չեմ ուզի, որ տղաներս զինվորական դառնան, բայց եթե իրենք որոշեն, չեմ կարող հետ պահել…»:
Հովսեփի մայրը հիշում է, թե ինչ ոգեւորությամբ էր տղան սպասում մայիսին իրենց զորամասում կայանալիք միջոցառմանը, որի ժամանակ Գեղամիկն էլ պետք է ելույթ ունենար: Հովսեփը որոշել էր՝ որդին այդ օրը զինվորական համազգեստ պետք է կրեր:
mediamax.am