տուն Լուրեր Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Նարիշկինի հետ

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Նարիշկինի հետ

64
0

varch narishkinՎարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ, ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ Սերգեյ Նարիշկինի այցը եւ մասնակցությունը Երեւանում տեղի ունեցած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստին նոր խթան կհանդիսանա հայ-ռուսական ռազմավարական եւ բարեկամական հարաբերությունների, միջխորհրդարանական կապերի հետագա զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաեւ միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանականների փոխգործակցության ամրապնդմանը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հայ-ռուսական փոխգործակցությունն ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում կրում է դինամիկ բնույթ:

Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար եւ կարեւորել Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ բազմակողմանի համագործակցությունը տարբեր ոլորտներում: ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահը մանրամասներ է ներկայացրել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստից եւ նշել, որ քննարկվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարին եւ հնարավոր մարտահրավերներին դիմագրավելուն ուղղված կարեւորագույն հարցեր: Սերգեյ Նարիշկինը վստահություն է հայտնել, որ նիստի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները կնպաստեն ՀԱՊԿ երկրների անվտանգության հետագա ապահովմանն ու հնարավոր խնդիրների լուծմանը:

Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանը եւ Սերգեյ Նարիշկինը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ հայ-ռուսական հարաբերություններին, Եվրասիական տնտեսական միության շրջանակում իրականացվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ ԵԱՏՄ շրջանակում առկա է մեծ ներուժ եւ անդամ պետությունները կկարողանան լավագույնս իրացնել այն: Կողմերը համոզմունք են հայտնել, որ աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված առաջացող դժվարությունները հնարավոր կլինի հաղթահարել միասնական ջանքերով եւ արձանագրել տնտեսական հաջողություններ: