«Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է»։ Սա հատված էր Սերժ Սարգսյանի՝ համայնքապետների հետ հանդիպման ելույթից։ ՀՀԿ-ականների ղեկավար Սերժ Սարգսյանն ուղիղ իմաստով հայտարարում է, որ կան անձինք, ովքեր յուրացնում են համայնքային փողերը, դրանք ծախսում աննպատակ կամ տանում իրենց տները։
Araratnews.am-ը տարբեր հրապարակումներում անդրադարձել է ՀՀԿ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանի «Հայաստանի ավագանիների ասոցիացիա» ՀԿ-ին քաղաքապետարանից փոխանցվող 11 մլն դրամ տարեկան անդամավճարին: Ասոցիացիային փոխանցվող գումարի աննպատակահարմարության մասին բարձրաձայնել էր Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, որի հայտարարությունն ուսումնասիրում էր դատախազությունը: Ասոցիացիային վճարվող 5,5 մլն դրամ անդամավճարը 2015-ից ի վեր կրկնապատկվել եւ դարձել է 11 մլն դրամ:
Հայաստանի ավագանիների ասոցիացիան ղեկավարում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը, ով բացի խմբակցության որոշումը կայացնելուց այլ գործունեությամբ աչքի չի ընկել։ Այլ խոսքով, Հովհաննիսյան Արայիկը խորհրդարանում դրսեւորում է բացարձակ անգործություն։ Նույն գործելաոճը նաեւ իր ղեկավարած ՀԿ-ում է, սակայն Երեւանի քաղաքապետ, ճոխությունների համար քաղաքային բյուջեն ծախսող Մարգարյան Տարոնը նրան հսկայական գումարներ է հատկացնում։
Araratnews.am-ի հետ զրույցում Արայիկ Հովհաննիսյանը չհերքեց, որ այդքան գումար է ստացել քաղաքապետարանից։ Ասում է, թե երբ գա ժամանակը, պարզաբանում կներկայացնի։ Հարցին, թե երբ է այդ ժամանակը գալու, Հովհաննիսյան Արայիկը նշեց․ «Երբ որ դուք չսկսեք ստահոդ լուրեր տարածել»,- եղավ կոճակ սեղմող պատգամավորի արձագանքը։ Ընթերցողներին եւ անձամբ Հովհաննիսյան Արայիկին առաջարկում ենք մեկ անգամ եւս ուշադիր ընթերցել իր եւ իր ղեկավարած ՀԿ-ի վերաբերյալ Araratnews.am-ի բոլոր հրապարակումները, եւ եթե գտնվի «ստահոդ» տեղեկատվություն, ապա պատրաստ ենք ներողություն խնդրել, հակառակ դեպքում` պատգամավորը զրպարտության համար օրենքի առաջ պատասխան կտա։ Սա` ի միջի այլոց։
Ի վերջո, ստացե՞լ է փող Հովհաննիսյանը քաղաքապետարանից։ Իհարկե ստացել եմ` հպարտորեն ասաց պատգամավորը։ Ինչի՞ վրա է այն ծախսվել դիտարկմանը` նա տվեց հետեւյալ պատասխանը․ «Կանոնադրական նպատակների համար»։ Ի՞նչ է ստացվում, 11 միլիոն դրամ Հովհաննիսյանը ծախսել է միայն կանոնադրական նպատակների համար։
Դատախազությունից պարզաբանել են, թե քաղաքապետարանը նվիրատվություն է կատարել։ Մեկ անգամ եւս իրավապահ մարմիններին առաջարկում ենք ուսումնասիրել ՀԿ-ն, պարզելու համար, թե հատկապես կանոնադրական ի՞նչ նպատակ է թաքնված 11 միլիոն դրամի շրջանակներում։ Հատկապես որ, Բաղրամյան 26-ից «դաբրոն» կա, համայնքային փողերն իրենց տուն տանողներն այլեւս չեն ներվելու, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավարն էլ վստահեցրել է` կկտրվեն այն ձեռքերը, որոնք մտնում են պետական բյուջե։ Ամեն դեպքում հույս ենք հայտնում, որ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներից շատերը, ինչպես նաեւ խոշոր, մանր ու միջին տրամաչափի մյուս չինովնիկները, կռնատի դերում հանդես չեն գա։
Իսկ Արայիկ Հովհաննիսյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Փայլակ Ֆահրադյան