Այսօր Ազգային ժողովում «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարց ուղղեց Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին:
«Երբ որ օրենքի փաստաթղթավորման պահանջը հետաձգեցիք մինչև փետրվարի մեկը, դուք նշեցիք, որ տնտեսվարողները հնարավորություն չունեին, կամ պատրաստ չէին, բայց ուզում եմ հարց ուղղել, թե հարկային համակարգը պատրաստ չէ՞ր 10 օրվա մեջ մշակեր ինչ որ խումբ, որ տնտեսվարողների 25 հազարից ավելի կամ 50 հազարից ավել ապրանքները իրենց պահեստում հաշվառելու համար: Երկորդ՝ ուզում եմ հարցնել՝ հիմա շրջհարկը կիրառվում է մեկ տոկոսի դրույքաչափով, թե 3,5-ով, քանի որ փաստաթղթավորման պահանջը հետաձգեցիք փետրվարի մեկը»,-ասաց Պողոսյանը:
Նա նշեց նաև, որ առևտրականների շրջանում մտավախության կա ոչ միայն փաստաթուղթը ապահովելու հետ կապված, այլև հարկային ստուգման մեխանիզմները, որոնք հաճախ վերածվում են «հարկային հայտնի տրադիցիոն տեռորի»:
Ի պատասխանˋ Վախթանգ Միրումյանն ասաց, որ համակարգը պատրաստ էր այն ժամանակ և հիմա էլ է պատրաստ 50 հազար տնտեսվարող սուբյեկտներից այդ տեղեկատվությունն ընդունելու:
«Օրենքը ուժի մեջ է մտել, և համակարգը որևէ խնդիր չունի այդ փաստաթուղթը ընդունելու, այսնիքն՝ տեղեկատվության ընդունման վերլուծության առումով որևէ առաջարկ համակարգում չի եղել: Շրջանառության հարկի դրույքաչափի հետ կապված, ասեմ, որ 2014-ի հոկտեմբերի մեկից մենք այլևս չունենք 3,5 տոկոս շահութահարկի դրույքաչափ: Հոկտեմեբերի մեկից առևտրի ոլորտում բոլորի համար գործում է 1 տոկոս շրջանառության հարկը, անկախ նրանից նրանք փաստաթուղթ ներկայացրել են, թե ոչ»,-ասաց Միրումյանը:
Հարկային ստուգումների մասով նա ասաց, որ առաջարկել են տարբեր ՀԿ-ների հետ լայն համագործակցություն: