տուն Լուրեր Հոգեբանը` հայ ընտանիքներում ամուսնալուծությունների պատճառների մասին

Հոգեբանը` հայ ընտանիքներում ամուսնալուծությունների պատճառների մասին

115
0

իրինա

Մեզ միշտ սովորեցնում են, որ ընտանիքը պետության բջիջն է: Վերջին շրջանում ամուսնալուծությունների թիվն ավելացել է: Ավելացել են նաև ամուսնալուծությունների պատճառները: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց հոգեբան Իրինա Ծառուկյանը:

Վերջինս նկատեց` ամուսնալուծության երեք տարիք կա. զույգեր, որոնք բաժանվում են ամուսնությունից 1-7 տարի , 7-15 տարի և 15-ից ավելի տարի հետո: Ամուսնալուծությունների քանակը գերակշռում է առաջին խմբի մոտ: Հոգեբանը նշեց, որ պատճառներն այստեղ բազմազան են` սկսած զույգերի ինքնուրույն չլինելուց, վերջացրած ամուսնությանն անլուրջ վերաբերվելուց:

«Երիտասարդները դեռ չգիտեն ամուսնության ինստիտուտն ինչն է: Օրինակ, աղջիկը տեսնում է իր ընկերուհուն  հարսանեկան զգեստով և որոշում է ամուսնալ:  Սոցիալական ֆակտորը ևս կարևոր է, որովհետև շատ նորաստեղծ ընտանիքներ չեն կարողանում ապրել առանց ծնողների միջամտության, իսկ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտություն: Ծնողների ներգործությունը հաճախ բացասական է ազդում ընտանիքի վրա»,-նկատեց բանախոսը:

Ամուսնալուծության պատճառ հաճախ դառնում են նաև ստիպողաբար ամուսնությունն ու արտագնա աշխատանքը: Վերջինս պատճառ է դառնում, որպեսզի արտագնա աշխատանքի մեկնած տղամարդը դե ֆակտո կամ դե յուրե նոր ընտանիք ստեղծի, իսկ կինը շարունակում է ապրել սկեսուրի և սկեսրայրի հետ` զրկված լինելով անձնական կյանքի իրավունքից: Ըստ հոգեբանի` սա հոգեբանական խնդիրներ է առաջ բերում երեխաների հետագա կյանքում:

Բանախոսը խորհուրդ տվեց նաև բացառել հետևյալ բառերը` ամուսնացրեցին,  հարսանիք արեցինք, աղջկան գտանք. «Որտե՞ղ է  այստեղ տղամարդու դերը : Մի անգամ ինձ մի կին զնագահարեց և նման բառեր ասաց, ապա ասաց, որ տղան ուզում է բաժանվել: Նա ասում էր, որ ավանդական ձևերով են ամեն ինչ արել, բայց ի՞նչն է այստեղ ավանդականը, եթե տղամարդու կարծիքը հաշվի չի առնվել: Զույգերն իրենք պետք է որոշեն՝ ամուսնանան, թե ոչ»,-նկատեց բանախոսը:

Հոգեբանն ընդգծեց նաև, որ բաժանման պատճառ հաճախ դառնում է նաև այն, որ տղմարդը սիրուհի ունի, քանի որ հարիր չի համարում իր կնոջ հետ ապրել այնպիսի սեռական կյանքով, ինչպիսին ապրում է սիրուհու հետ:

Վարդուհի Ստեփանյան