Կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ ծավալված քաղաքական իրարամերժ մոտեցումները ակամա հիշեցնում են Ուինսթոն Չերչիլի ասույթը 1938թ. Անգլիայի վարչապետ Չեմբեռլենի կողմից Գերմանիայի հետ կնքված պակտի վերաբերյալ. «Այն ժամանակ Անգլիան կանգնած էր պատերազմի կամ խայտառակության երկընտրանքի առջև: Նախընտրելով խայտառակությունը՝ Անգլիան ստացավ պատերազմը»:
Մեր կառավարությունը, կանգնած լինելով երկընտրանքի առջև՝ շարունակե՞լ կուտակային համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները կամ անվերապահորեն դադարեցնել այդ գործընթացը, պետք է ընտրի երրորդ ուղին: Յուրաքանչյուր երիտասարդ աշխատողի պարզ է, որ գանձվող եկամտահարկը ներառում է նաև որոշակի սոցիալական վճար: Կուտակային համակարգի ներդրմամբ ավելանում է այդ վճարի գումարի չափը: Եվ եթե այսօր կառավարությունն այդ գումարի մի մասը տրամադրելու պատրաստակամություն է հայտնում, իսկ վաղը՝ անգամ ամբողջությամբ, խնդիրը դրանից վերջնական լուծում չի ստանում: Չի կարելի գնալ պետության սոցիալական ծանրաբեռնվածության մեծացման ճանապարհով: Ոչ միայն սոցիալական, այլ նաև ցանկացած բնույթի խնդրի լուծման համար առանձնահատուկ ուշադրություն պետք է հատկացնել պետության կարևորագույն գործառույթին՝ հանրային հարստության նկատմամբ հոգատարությանն ու հսկողությանը: Օրինակ՝ տարիներ շարունակ պղնձի խտանյութը նվազագույն բաղադրությամբ, մաքսային ծառայությունների «աչալուրջ» հսկողության ներքո հատել է մեր երկրի սահմանները՝ Կենտրոնական Եվրոպայում հասնելով բաղադրության 1-2 անգամ մեծացմանը:
Երկրորդ կարևորագույն գործոնը ներդրումների, այդ թվում՝ հատկապես օտարերկրյա ներդրումների համար պետական երաշխիքների համապարփակ համակարգի ստեղծումն է: Խոսքը ներդրումների պետական երաշխիքների մասին է (ներդրումների պետական ապահովագրում, դրան միտված ներդրումների պետական ապահովագրման լիարժեք, կայուն և հաստատուն ֆինանսական ռեզերվի ստեղծում և այլն):
Երրորդ` կարևորագույն գործոնը պետության մասնակցությունն է տնտեսվարմանը: Հանրային սեփականության՝ հողի, ընդերքի, ջրային ռեսուրսների նկատմամբ բնապահպանական նվազագույն չափորոշիչների պահպանման նպատակով կարելի է պետական պաշտոնյաներին ընդգրկել հանրային ռեսուրսները օգտագործող կառույցների խորհուրդներում, եթե իհարկե առանձին դեպքում պետությունը, ֆինանսական միջոցների բացակայությամբ պայմանավորված, չի կարողանում մասնակցություն ունենալ այդ ռեսուրսների տնօրինմանը: Այս առումով որպես նախօրինակ կարելի է դիտարկել Չինաստանում իրականացվող քաղաքականությունը:
Ձոնիկ Մարգարյան