Վերջին տարիներին ավելացել է փոստային ծանրոցներով թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքումը: Շատ հաճախ Հայաստանում ապրող իրենց հարազատների համար արտերկրում գտնվողները հոգեմետ նյութեր պարունակող դեղերն ուղարկում են որպես ցավազրկող: Սակայն ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքումը Հայաստանում արգելված է և մաքսանենգության հանցակազմի տարրեր է պարունակում: Արգելված է նաև ԵԱՏՄ երկրներից թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքումը: 2017 թ. ընթացքում ՊԵԿ-ի քննչական վարչությունում նմանատիպ 95 դեպքով հարուցվել են քրեական գործեր, իրականացվել է նախաքննություն: Թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերով ծանրոցների զգալի մասը Հայաստան է ուղարկվում հիմնականում եվրոպական երկրներից՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Իտալիայից:
Սակայն հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի կարիք ունեցող հոգեկան հիվանդները ճարահատյալ են դիմում արտասահմանում ապրող իրենց բարեկամ-հարազատների օգնությանը: Մեզ հետ զրույցում նրանք ասում էին, որ դժգոհ են Հայաստանում վաճառվող կամ նախարարության կողմից իրենց տրվող դեղերի ազդեցությունից: Araratnews.am-ն անցյալ տարի անդրադարձել էր հոգեկան խնդիրներ ունեցող մի խումբ մարդկանց դժգոհությանը: Նրանք բողոքում էին անվճար հիմունքներով իրենց տրվող հայկական արտադրության «Օլանզապին» դեղի որակից և պահանջում այն փոխարինել նախկինում իրենց տրված ամերիկյան կամ այլ երկրի արտադրության «Զիպրեքսա» դեղով:
Եթե հիվանդները դժգոհում են անվճար տրվող, դեղատներում վաճառվող հոգեմետ դեղերի որակից, որքանո՞վ է ճիշտ արգելել նրանց արտերկրից ստանալ որակյալ դեղեր: Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի ներմուծման արգելքը ճիշտ է. «Այլ հարց է, որ պետությունը պետք է կարգավորի խնդիրը: Լուծումն անհրաժեշտ դեղերի պահանջարկի ու որակի բավարարումն է, ոչ թե ազատականացումը»:
Քանի դեռ պետությունն այդ խնդիրը չի լուծել, Արարատ Մկրտչյանն առաջարկում է սահմանել հոգեմետ դեղերի սահմանաչափ ու տեսականի որոշել, սակայն սա հարցի լուծում չէ:
«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, միջազգային փորձագետ Մովսես Արիստակեսյանը եւս կարծում է, որ պետությունը պետք է խնդիրը կարգավորի՝ հիվանդներին տալով որակյալ դեղեր. «Պետությունն է մեղավոր, որ մարդիկ ճարահատյալ այդ քայլին են դիմում: Բայց հիվանդներին արտերկրից ուղարկվող դեղերը կարող են բացասական ազդեցություն ունենալ նրանց առողջության վրա: Բացի այդ, դեղատեռորիզմն աշխարհում տարածված է: Հետեւաբար, նաև դրանից խուսափելու համար պետք է ներմուծումն արգելել»:
Սոնա Դավթյան