տուն Լուրեր «Հին ընկերները» վերադարձան Շիրակի մարզ՝ գեներալներից հետո

«Հին ընկերները» վերադարձան Շիրակի մարզ՝ գեներալներից հետո

175
0

tec33

ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական  համագործակցության արդյունքում, բացի երեք նախարարական պորտֆելից Դաշնակցությանը տրվեց նաեւ երկու մարզի ղեկավարի պաշտոն: Շիրակի եւ Արագածոտնի մարզպետները կլինեն «հին ընկերներից»: Շիրակի մարզում Դաշնակցականները կարելի է ասել «կռված» են:  Հանրապետության ամենաաղքատ մարզը ժամանակին ունեցել է ՀՅԴ ղեկավար: ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Ռոմիկ Մանուկյանը 2000-2003 թվականներին եղել է Շիրակի մարզպետի տեղակալ, իսկ 2003-2007 թվականներին ղեկավարել  մարզը: Այդ տարիներին  մարզը դաշնակցականացնելու փորձեր Մանուկյանը, բնականաբար, արել է.  Գյումրիում գործող հիվանդանոցների եւ ուսումնական հասատությունների ղեկավարների մեծ մասը ՀՅԴ անդամ էին: Մանուկյանին «գահընկեց» արեցին, իսկ Դաշնակցության ղեկավար  տնօրեններն էլ կամ լքեցին կուսակցությունը, կամ հեռացվեցին զբաղեցրած պաշտոններից:

Հետո, արդեն Շիրակի մարզ գործուղվեցին գեներալներ: Վերջին տարիներին Շիրակի մարզում իշխանությունը գործուղում էր ուժային կառույցների ներկայացուցիչների: Վեց տարի է՝ Շիրակի  մարզը կառավարում էին ուժային համակարգի գեներալներ՝ նախկին ոստիկանապետ, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Աշոտ Գիզիրյանը, այնուհետև ԱԱԾ-ի գեներալ Ֆելիքս Ցոլակյանը:

Աշոտ Գիզիրյանի պաշտոնավարման ժամանակ հիմնական նպատակ էր դարձել «սանձել» Գյումրու արդեն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Գեներալին հաջողվեց մարզխորհրդի նիստերին պարտադրել Ղուկասյանին  ներկա գտնվել: Սակայն նա պաշտոնանկ արվեց, երբ 2013 թվականի նախագահական ընտրություններում ՀՀԿ-ն խայտառակ պարտություն կրեց մարզում: Գիզիրյանը դա ընդունեց որպես սեփական պարտություն, եւ լքեց աղքատ մարզը: Հետագայում նրան տեսնողներ քիչ եղան: Պաշտոնանկությունից հետո Գիզիրյանը հաճախ էր հանդիպում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, հետո այդ հանդիպումներն էլ դադարեցին:

Գիզիրյանին փոխարինեց ԱԱԾ-ական Ֆելիքս Ցոլակյանը: Բնավորությամբ հանգիստ Ցոլակյանին, սակայն այդպես էլ չհաջողվեց մեղմել սոցիալական վիճակը Շիրակի մարզում: Փոփոխություններ կատարել մարզի բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակը փոխելու ուղղությաբ ԱԱԾ-ական մարզպետին եւս չհաջողվեց: Նրան այլ բան չէր մնում, քան ՀՀԿ- ՀՅԴ քաղաքական ամուսնությունից հետո հավաքել ճամպրուկները՝ աթոռը զիջելով իր աշխատակցին: Շիրակի մարզպետ է նշանակվել մարզպետարանի Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանը։

Սիմոնյանը մարզում հայտնի դեմք չէ, չնայած, որ 2012 թվականին  Գյումրու քաղաքապետի ընտրություններում առաջադրել էր իր թեկնածությունը՝ Բալասանյանի դեմ: Բայց, քանի որ այդ ժամանակ ՀՀԿ- ԲՀԿ հարաբերություններն ավելի   ջերմ էին, Սերժ Սարգսյանն հրապարակավ հայտարարեց, որ ինքն է առաջադրել այդ ժամանակ  ԲՀԿ-ական Բալասանյանի թեկնածությունը: Ընտրություններն ավարտվեցին, Բալասանյանը ընտրվեց քաղաքապետ, Սիմոնյանն էլ  վերադարձավ իր գործին:

Տեղակալի պաշտոնից՝ մարզպետի աթոռ. ի՞նչ կհաջողվի անել նորանշանակ մարզպետին՝ ժամանակը ցույց կտա: Թերեւս վաղուց արդեն հստակ է՝ մարզում առկա խնդիրները մարզպետների փոփոխությամբ լուծում չեն ստանում՝ լինեն նրանք գեներալ, թե շարքային կուսակցական: Կառավարման  կենտրոնը Բաղրամյան 26-ն  է. այստեղից են որոշում՝ ինչպես տնօրինել մարզպետի ճակատագիրը: