Ինչպես արդեն հայտնել էինք Արցախում լրագրողների հետ զրույցում Արթուր Աղաբեկյանը պատասխանեց նաեւ Araratnews.am-ի հարցին՝ Գերմանիայում Սերժ Սարգսյանի արած հայտարարության մասին, թե մենք կռվում ենք 80-ական թվականների զենքով։ Մենք խոստմանը համաձայն, ներկայացնում ենք ԼՂՀ փոխվարչապետի մեկնաբանությունը.
«Մեկնաբանել չեմ ցանկանում, բայց բերեք 80-ական թթ մի տեխնիկայից խոսեմ ձեզ հետ, կամ 60-70-ական: Ավտոմատ Կալաշնիկովը մնում է ավտոմատ Կալաշնիկով, անկախ նրանից, թե որ թվի արտադրություն է, կամ T-72 տանկը իր խոցելիությամբ, իր կարողություններով ոչնչով չի զիջում T-92 տանկին»:
Արթուր Աղաբեկյանի խոսքով՝ խորհրդային միությունն արտադրեց T-72 A եւ B, հետո ստեղծեց T-80 տանկը, որը չկարողացանք կիրառել մարտի դաշտում: «Առանձնապես իրենց խոցելիությամբ, իրրենց կարողությամբ իրար չեն զիջում: T-90 տանկի միակ առավելությունն այն է, որ այդ տանկն ունի հակատանկային միջոցների դեմ պայքարելու սեփական կարողություն, որը հակառակորդի T-90 տանկերը չունեին, որովհետեւ մեր հակատանկային միջոցները հեշտությանբ խոցեցին T-90 տանկերը»,- ասաց Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքով մարտի դաշտում, լինի թե՛ T-72, թե՛ T-90 տանկ, առանձնապես չի ազդում: Ըստ Աղաբեկյանի՝ հակառակորդն էլ ունի 80-ականների զենք:
Անդրադառնալով սպառազինության համար հավաքված գումարին ու ԼՂՀ կառավարության նախաձեռնությանը, Աղաբեկյանն ասաց, որ առկա է և՛ ոգևորություն, և՛ դժգոհություն. «Ասում են, թե ինչո՞ւ մինչև հիմա չենք արել: Չենք արել մինչև հիմա, լավ եկեք բոլորիս կոտորեք, չենք արել, կամ կարողություն չենք ունեցել, կամ այսպիսի համախմբում տեսանելի չի եղել, հիմա ուզում ենք անել, հաջորդ մարտին ավելի պատրաստ լինել, չպատրաստվե՞նք, չփորձե՞նք: Հիմա պետք է ամեն ինչ անել առաջնագծում մեր սպայական և շարքային կազմի խոցելիությունը նվազեցնելու համար»:
Աղաբեկյանի խոսքով` հնարավոր է, որ շատերը` գործարարներ, օլիգարխներ, հարաբերական անդորրի ժամանակներում չեն գիտակցել, որ մի օր կարող է լայնամասշտաբ գործողություններ սկսվեն. «Նրանք հնարավոր է չեն գիտակցել, բայց հո ՊԲ մասնագետներն իմացել են, որ հակառակորդը միջազգային պարտավորություններին հետևող չէ, և արդեն 1,5 տարի է տեսանելի են ադրբեջանական կողմի գործողությունները, ում ընդամենը առիթ էր պետք նման գործողություններ սկսելու համար»,- եզրափակեց ԼՂՀ փոխվարչապետը:
Փայլակ Ֆահրադյան
Արցախ