ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ-ին պատկանող «Արարատ» հեռուստաընկերության լուրերի բաժնի տնօրեն Միհրան Հակոբյանը «սատկացնելու» կոչ է արել ՊՊԾ գնդի ներսում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Իրեն քննադատողներին ՀՀԿ-ականը պատասխանել է, որ բժիշկների պատանդ պահողների հետ այլ կերպ չպետք է վարվել: Նկատենք, որ նման ծայրահեղական դիրքորոշում անգամ Հակոբյանի անմիջական ղեկավարները չունեն: Նույնիսկ Սերժ Սարգսյանը վերջերս Բաղրամյան 26-ում հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ ստեղծված իրավիճակը պետք է խաղաղ հանգուցալուծում ստանա: Բայց, ահա, Սարգսյանի կուսակիցներից ոմանք խմբի անդամներին «սատկացնելու» կողմնակից են:
Հակոբյանի ֆեյսբուքյան գրառման տակ որոշ օգտատերեր փորձել են պարզել, թե այդ դեպքում ինչ պետք է անել երկիրն այս վիճակին հասցնողների հետ: Միհրան Հակոբյանն էլ ասել է` թող մի բուռ հող ուտեն` մեռնեն: Ստացվում է` ՀՀԿ խորհրդի անդամը ոչ միայն «Սասնա ծռեր» խմբի անդամների «սատկելն» է ուզում, այլ նաեւ կոչ է անում իշխանություններին մի բուռ հող ուտել եւ մեռնել:
Գաղտնիք չէ, որ խմբի անդամները նման ծայրահեղ քայլի են դիմել` ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, որի հիմնական ու գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է:
Վերադառնալով Միհրան Հակոբյանին` նշենք, որ նա նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնականն է եղել, որոշ ժամանակ աշխատել է Սարգսյանի կողմից ֆինանսավորվող ATV հեռուստաընկերությունում: Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո, երբ դադարեցվեց հեռուստաընկերության լուրերի բաժնի ֆինանսավորումը, Հակոբյանին ազատեցին աշխատանքից: Իսկ երբ ՀՀԿ-ն հիմնեց «Արարատ» հեռուստաընկերությունը, նրան նշանակեցին լուրերի բաժնի տնօրեն:
Նշենք, որ Araratnews.am-ը փորձեց Միհրան Հակոբյանից պարզաբանում ստանալ իր գրառման վերաբերյալ, սակայն նրա հեռախոսն անջատված էր, իսկ «Արարատ» հեռուստաընկերությունից փոխանցեցին, որ Հակոբյանն արձակուրդում է: Փաստորեն, ՀՀԿ խորհրդի անդամը «Սասնա ծռեր» խմբի անդամներին «սատկացնելու» կոչից հետո մեկնել վայելելու ամառային արձակուրդը: Ի դեպ, Հակոբյանը միակը չէ, որ նման տեսակետ ունի: Թեև իշխող ՀՀԿ-ն իր թիմակիցներին հրահանգել է սսկվել եւ ծպտուն չհանել, ցածր օղակներում հանրապետականներն ու իրենց համակիրները հատկապես «Ֆեյսբուքում» այլ վարքագիծ են դրսեւորում:
Հ.Գ. ՀՀԿ-ն այս ամենից պետք է հետեւություններ անի, այլապես խաղաղ ճանապարհով ստեղծված իրավիճակին լուծում տալու իշխանությունների հայտարարություններն ի չիք են դառնում:
Արսեն Նազարյան