Նոյեմբերի 5-ին հանրապետության մի շարք մարզերում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Մասնավորապես, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում համայնքների ՏԻՄ ընտրություններ եւ Արարատի մարզի Արտաշատ, Սյունիքի մարզի Գորիս եւ Լոռու մարզի Շիրակամուտ համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ տեղի կունենան:
Ուշագրավն այն է, որ մի շարք համայնքներում ՀՀԿ-ականներն են պայքարում իրար դեմ: Ընդդիմադիր «Ելք» դաշինքը, ինչպես հայտնի է, ընտրական այս գործընթացին չի մասնակցում: Որոշ համայնքներում թեկնածուներ առաջադրել են ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Վերջինս, ինչպես երեկ հայտնել էր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ՏԻՄ ընտրություններին առաջադրել է հիմնականում ավագանու թեկնածուներ: Որոշ թեկնածուներ էլ ինքնառաջադրվել են:
Այսպես, Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում առաջադրվել է համայնքի ղեկավարի 6 թեկնածու: Առաջադրվածներից 3-ը Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են, մյուսները՝ անկուսակցական: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Araratnews.am-ը տեղեկացավ, որ առաջադրվածներից մեկը հետ է վերցրել փաստաթղթերը: Արդյունքում այս համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն 5 թեկնածուներ` երեք ՀՀԿ-ական եւ երկու անկուսակցական:
Նույն մարզի Ապարան քաղաքում առաջադրվել է քաղաքապետի երկու թեկնածու` անկուսակցական Հովհաննես Ալեքսանյանը եւ ՀՀԿ-ական Կարեն Եղիազարյանը, ով «Գնթունիք» ՍՊԸ հիմնադիրն է: Անկուսակցական թեկնածուն ինքնառաջադրվել է: Ակնհայտ է, որ վերջինիս թեկնածությունը իմիտացիոն բնույթ ունի, եւ այն կատարվել է «մրցակցություն» ապահովելու համար:
Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում էլ առաջադրվել է երկու թեկնածու` անկուսակցական, նախկին գյուղապետ Գեղամ Խլղաթյանը եւ գործող համայնքապետ, ՀՀԿ-ական Անդրանիկ Պապիկյանը:
Նույն մարզի Ծաղկահովիտ համայնքում համայնքապետի պաշտոնի համար պայքարում է երեք թեկնածու: Առաջադրվածներից երկուսը անկուսակցական են, իսկ մեկը ներկայացնում է ՀՀԿ-ն եւ հենց այդ կուսակցության կողմից էլ առաջադրվել է:
Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրությունները նախատեսված են նաեւ Արագածոտնի մարզի Սուսեր համայնքում: Առաջադրվել է երկու թեկնածու: Գործող գյուղապետ Գուրգեն Զաքարյանը ներկայացնում է ՀՀԿ-ն, իսկ ինքնառաջադրված Պարգեւ Խաչատրյանն անկուսակցական է:
Այսպիսով, Արագածոտնի մարզի 5 համայնքներում նախատեսված ՏԻՄ ընտրություններին, բացի ՀՀԿ-ից, այլ կուսակցություններ թեկնածուներ չեն առաջադրել:
Նշենք, որ ՏԻՄ ընտրություններում առաջադրված 143 թեկնածուից 73-ը ՀՀԿ-ական են, 5-ը՝ ԲՀԿ-ական, 4-ը՝ ՀՅԴ-ական, 1-ական «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Համերաշխություն» կուսակցություններից եւ 59-ը՝ անկուսակցական: Araratnews.am-ը առաջիկայում կներկայացնի մյուս մարզերում համայնքապետի առաջադրված թեկնածուների ցանկը:
Փայլակ Ֆահրադյան