Այս շաբաթ ՀՀԿ-ն տեղի ունենալիք գործադիր մարմնի նիստում քննարկելու է հանրապետության նախագահի թեկնածուի հարցը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Araratnews.am-ի հարցին, թե Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ նախագահի թեկնածուն պետք է քաղաքական հարուստ կենսագրություն եւ հանրային վստահություն ունենա, կա՞ն արդյոք այդպիսիք իշխանությունում, ի պատասխան Բաղդասարյանն ասաց. «Ինձ թվում է, որ թեկնածուների քանակը կարելի է շատ նշել, որոնք կունենան ե՛ւ հանրային հեղինակություն, ե՛ւ կարող են սփյուռքում ունենալ ազդեցություն, լինել ապակուսակցականացված անձինք, այսինքն` այդ չափորոշիչների վրա ենք հիմնվում: Մեր երկրում կան այդպիսի մարդիկ, բայց անուններ այս պահին չկան, քանի որ քննարկումներ չկան, այս շաբաթ կլինեն»:
Մեր հաջորդ դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը վերջին շրջանում ընդունում է տնտեսական բլոգի պատասխանատուներին, տալիս հանձնարարականներ, որոնք վերապահված են վարչապետին, սա ըստ էության ակնա՞րկ է, որ նա է լինելու վարչապետ, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, թե Սերժ Սարգսյանը կատարում է նախագահի իր պարտականությունները: Ըստ նրա` ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց դեռ չի քննարկել:
Ինչ վերաբերում է նախագահի ընտրությանը, ապա ամենայն հավանականությամբ այն տեղի կունենա մարտի 2-ին:
Փայլակ Ֆահրադյան