տուն Լուրեր ՀՀԿ-ի շուրջ օղակը սեղմվում է. սկսել են Աշոտ Արսենյանից

ՀՀԿ-ի շուրջ օղակը սեղմվում է. սկսել են Աշոտ Արսենյանից

71
0

Araratnews.am-ն արդեն տեղեկացրել է, որ ոստիկանության նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններում Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, որը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13.000.000 դրամ՝ ընտրակաշառք բաժանելու և Արսենյանի օգտին 1300 ձայն ապահովելու նպատակով։

Ընտրակաշառքի բաժանման  լուրն ու այս ճանապարհով վերարտադրությունը հանրության ու քաղաքական շրջանակների համար նորություն չէ, քանի որ  Նիկոլ Փաշինյանը, ընդդիմադիր այլ գործիչներ դեռ  նախորդ ընտրություններում ահազանգում էին ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառքի,  վարչական ռեսուրսի կիրառման մասին:

Նորություն է եւ ողջունելի այն, որ թավշյա հեղափոխությունից հետո կոռուպցիայի, ընտրակաշառքի դեմ պայքարի հայտարարություններն իրականանում են եւ պետական մարմինը՝ ի դեմս ոստիկանության, թերեւս առաջին անգամ այսպիսի բացահայտում է անում:

Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է հիմա արդարանալու ՀՀԿ-ն, որը  համառորեն հերքում էր ընտրակաշառքի բաժանման  լուրերը, հայտարարում՝  իրենք հանրության մեծ մասի վստահությունն են  վայելում: Իսկ վերջերս էլ  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը  իրավապահների բացահայտումները տհաճ էր համարել: Այո՛, պարոնա՛յք, շատ տհաճ է, երբ  իշխանությունը՝ ի դեմս ՀՀԿ-ի, վերարտադրվում է վարչական, ֆինանսական ռեսուրսների, քրեածին տարրերի աջակցությամբ, երկիրը դեպի հետընթացի տանում, իսկ հետո լկտի ու ցինիկ ձեւով խոսում հասարակության վստահությունից, այն էլ երկրի առաջին դեմքի՝ Սերժ Սարգսյանի մակարդակով:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովում այս տարի ապրիլի 17-ին՝ վարչապետի ընտրության օրը, «Ելք» խմբակցության նախկին պատգամավոր, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը վարչապետի միակ թեկնածու Սերժ Սարգսյանին ասել էր. «Հասարակական հարցումները ցույց են տալիս, որ ժողովուրդը, ընտրողները մտածում են, թե 2017 թվականին քաղաքական մեծամասնությունը, կամ ինչպես Դուք եք ասում՝ խորհրդարանական մեծամասնությունը ձևավորվել է ընտրակաշառքով ձևավորված կամքի դրսևորմամբ»:

Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել էր. «Ես իհարկե համաձայն չեմ այն պնդումների հետ, որ ընտրությունները տեղի են ունեցել համատարած ընտրաձայներ գնելու միջոցով: …Եթե համատարած կաշառք բաժանվեր, ես կարծում եմ՝ ժամանակակից պայմաններում, շատ ներողություն ոչ ճիշտ ձևակերպման համար, երբ ամեն գործիք նկարում է, ապա մեր քաղհասարակության, ընդդիմության ներկայացուցիչները բազմաթիվ տեսագրություններով ուղղակի հեղեղած կլինեին համացանցը»:

Սերժ Սարգսյանը մոռանում է, որ հանցագործություն կատարողը, այն էլ՝ ընտրակաշառք բաժանողը,  այնքան միամիտ չէ, որ այս ամենը կազմակերպի բացահայտ ու այնպես, որ դա հնարավոր լինի ամեն անկյունից նկարահանել:

Իհարկե, նախկին իշխանությունը գուցե արդարանա եւ ասի՝ Արսենյանն ընտրվել է ռեյտինգային ընտրակարգով,  ծախսել է իր գումարները որպես բիզնեսմեն, նա որեւէ կապ չունի մեզ հետ, սակայն հայտնի է՝ 2017-ի ԱԺ ընտրություններում Աշոտ Արսենյանը պաշտոնապես առաջադրվել է ՀՀԿ-ից: Առավելեւս, որ Աշոտ Արսենյանը ՀՀԿ ցուցակով պատգամավոր է դարձել 2003-ի ընտրություններից առաջ:

Araratnews.am-ը փորձեց պարզաբանում լսել Աշոտ Արսենյանից ու Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից, սակայն ապարդյուն: Վերջինս անպատասխան թողեց մեր հեռախոսազանգը, իսկ Արսենյանի հեռախոսն անջատված էր:

Ի դեպ,  մոտավորապես մեկ ամիս առաջ գործարար, ՀՀԿ պատգամավոր Աշոտ Արսենյանը  դուրս էր եկել ՀՀԿ-ից, սակայն անգամ խմբակցությունից դուրս գալը նրան չփրկեց  օրենքի առաջ կանգնելուց:

Սոնա Դավթյան