ՀՀԿ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցը մեկնարկել է իր աշխատանքները և հայտարարում է ընդունելություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ դպրոցում ուսումնական ծրագրերը չեն լինելու միայն հանրապետականների համար և հիմնականում բաց են լինելու բոլոր ունկնդիրների համար՝ անկախ քաղաքական պատկանելությունից: Դասընթացներին կարող են մասնակցել 20-40 տարեկան բարձրագույն կրթություն ստացած կամ ստացող մարդիկ: «Քանի որ հասարակության արձագանքը շատ բուռն էր, հետաքրքրությունը` շատ մեծ, մենք ակնկալում ենք բազմաթիվ դիմորդներ, բայց ունենք քանակական սահմանափակում: Եթե դիմորդները շատ լինեն ու հետաքրքիր, գուցե միանգամից մտածենք երկրորդ խումբը բացելու մասին»,- ընդգծեց Աշոտյանը:
Հարցին՝ ի՞նչ ունի Հանրապետական կուսակցությունը, որ դնելու է այս գործի մեջ, նա պատասխանեց. «Ցանկություն և միտք, գրասենյակային տարածք, նաև բանիմաց քաղաքական գործիչներ»:
Արմեն Աշոտյանը նաև հավելեց, որ դպրոցը հատուկ ներդրումներ չի պահանջել, և մեծ փողեր չեն եղել, իսկ դասախոսներն անվճար են դասավանդելու. «Եթե մարդը մանկավարժ է, կարծում եմ` կարող է իրեն թույլ տալ ամիսը մեկ-երկու անգամ 1-1,5 ժամվա ընթացքում շփվել նաև նոր սերնդի հետ»: