Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանի և ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանի քննարկման թեման հիմնականում հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքն էր:
Վարդան Բոստանջյանը, խոսելով հանրահավաքի մասին, ասաց.
«Ես հանգամանքների բերումով խորացած չեմ հանրահավաքի ասելիքների մեջ, բայց ես գիտեմ, որ հանրությունը դժգոհ է և դա իմ հայտնագործությունը չէ: Եռյակն՝ ի դեմս այս հավաքի, ուզում է իշխանություններին ասել այն, ինչ ժողովուրդը կասեր»:
Խոսելով հանրահավաքին հնարավոր ֆորս մաժորային իրավիճակ ստեղծելու մասին՝ Բոստանջյանն ասաց, որ դա հասարակությունն է որոշում:
ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյան էլ իր հերթին ասաց.
«Ես կարծում եմ, որ «դժգոհ են բոլորը» եզրույթը սխալ է: Իհարկե, մի մասն էլ դժգոհ են, բայց մենք ավելի ակտիվորեն մեր ծրագրերը իրականացնելու ենք ու փորձելու ենք դժգոհությունը նվազեցնել:
«Սահմանադրական բարեփոխումները ապահովելու են իշխանության վերարտադրման մեխանիզմները: Այդ է պատճառը, որ մենք դեմ ենք սահմանադրական բարեփոխումներին»,- ասաց Բոստանջյանը:
Մկրտիչ Մինասյանն էլ ասաց, որ պետք չէ կառավարման ձևի փոփոխությունը անձերի հետ նույնացնել:
«Հանրապետականի ղեկավարն ասաց՝ ինչքան ուզենք էնքան կխփենք»,- հավելեց Բոստանջյանը:
«Դուք էլ խփեք. ինչի էք դուք էլ փող բաժանում, եթե էդպեսա»,- պատասխանեց Մինասյանը:
Խոսելով ԵՏՄ ի մասին՝ բանախոսներն ասացին, որ իրենց ուժերի մեջ այս հարցով հակասություններ չունեն: