Ի՞նչ տնտեսական բարեփոխումների կհանգեցնի Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումը, և Հայաստանի իշխանությունները որքանո՞վ են պատրաստ իրագործել այդ կետերը: Հարցերի մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը. «Որևէ մի համաձայնագիր ՀՀ տնտեսության վրա չի կարող ազդել, օգտակար լինել կամ չազդել որևէ ձևով, եթե չկա ՀՀ իշխանությունների ցանկությունը, նույնիսկ այն, ինչ հիմա կա սեղանին, և հույս ունենք, որ կստորագրվի նոյեմբերի վերջին: Այնպես որ, այս փաստաթուղթն էլ կարող է հերթական փաստաթուղթը մնալ` ստորագրված, բայց չիրականացված: Հույս ունեմ, որ սա իրականություն կդառնա»:
Մեկ այլ հարց էլ, որ դեռ մտածելու առիթ է տալիս, տնտեսագետի խոսքով` վերաբերում է այն հարցին, թե ինչպե՛ս են կարողանալու համատեղել Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն և Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները: Վահագն Խաչատրյանի կարծիքով` ինչ էլ անեն, հակասություններ կլինեն. «Եթե Հայաստանի իշխանությունները բարեխղճություն ցուցաբերեն այն իրականացնելու համար, մեզ համար օգտակար փաստաթուղթ կլինի: Հաջողության դեպքում այն կարող է նաև լավագույն օրինակը հանդիսանալ Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության սկզբունքների համատեղելիության, որը կհերքի այն մոտեցումը, որ 2013 թվականին Եվրամիությունն էր ցուցաբերել ու ասում էր` կա՛մ-կա՛մ, որի պարագայում Հայաստանն ընտրեց Եվրասիականը»:
Ինչ վերաբերում է հարցին` ներկայիս իշխանությունը ցանկություն ունի՞ գնալ փոփոխությունների և փոխել երկրի ամբողջ տնտեսական փիլիսոփայությունը, բանախոսն ընդգծեց. «Փաստաթղթի ամբողջ բովանդակությունից զատ, միայն այն փաստը, որ մենք Եվրամիության հետ այսպիսի լուրջ փաստաթուղթ կստորագրենք, դա լույսն է, որ երևում է, մնացածը քիչ է հետաքրքրում: Իսկ այսօրվա իշխանությունը պատրաստ չէ ամբողջապես իրականացնել այդ փաստաթուղթը, որովհետև դա նշանակում է` ուղղակի իր մահախոսականը ստորագրել»:
Էմմա Հովսեփյան