Եվրոպական Միության Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հայ պատգամավորների հետ հանդիպմանը վերահաստատել է, որ որևէ խոչընդոտ չի տեսնում Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրելու համար: Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Մեր կուսակցության պատվիրակությունը երկու օր Բրյուսելում տարբեր հանդիպումներ է ունեցել: Հանդիպել ենք նաև Եվրոպական Միության Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ, ով ևս մեկ անգամ վերահաստատեց, որ թե եվրոպական, թե հայկական կողմից որևէ խոչընդոտ չկա համաձայնագիրը ստորագրելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Զոհրաբյանը:
Նա ընդգծեց, որ իրենք քննարկումներ են ունեցել նաև Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման հարցի վերաբերյալ, ինչը ևս Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունի: «Այս հարցով բանակցությունները սկսելու խնդիրները հիմնականում կապված են Եվրոպական Միության անդամ մի շարք երկրների ներօրենսդրական խնդիրների հետ, որոնք հիմնականում պայմանավորված են միգրացիոն հոսքերի ռիսկերով: Միության անդամ որոշ երկրների կողմից խոչընդոտներ կան, սակայն ես կարծում եմ, որ արտաքին գործերի նախարարությունն այդ երկրների հետ առանձին բանակցություններ կսկսի, որպեսզի նրանց մտահոգությունները փարատվեն: Ինձ համար զարմանալի է, որ այդ երկրների թվում է նաև Ֆրանսիան: Ամեն դեպքում կարելի է նաև այդ երկրներին հասկանալ: Վերջին ահաբեկչական գործողություններից հետո նրանք զգուշավոր միգրացիոն քաղաքականություն են վարում»,- նշեց Զոհրաբյանը:
Պատգամավորը նաև նշեց, որ դեկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ կանցկացվեն ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի թեմայով: Նաիրա Զոհրաբյանը հույս հայտնեց, որ համաձայնագիրը նոյեմբերի 24-ին կստորագրվի, ինչը հնարավորություն կտա դեկտեմբերի 1-ին առավել մանրամասն, ԵՄ անդամ երկրների դեսպանների մասնակցությամբ քննարկել համաձայնագիրը: Լսումները կանցկացվեն ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ: «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը լսումների ընթացքում տեխնիկական աջակցություն կցուցաբերի` ապահովելով թարգմանություն: