Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն ուղղված ծրագրերին Ռուսաստանի Դաշնության աջակցությունը երկար տարիների պատմություն ունի։ Այս ոլորտում ստորագրված փոխըմբռնման հուշագրերի և պայմանագրերի շրջանակում ցուցաբերվել է դրամական, կրթական և տեխնիկական օժանդակություն։ Այս մասին լրավրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` ՌԴ-ի կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկայի մեկ տարվա աշխատանքների ամփոփմանը և աշխատանքային միգրանտների շրջանում իրականացվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցառումների ներկայացմանը նվիրված ասուլիսի ժամանակ։
Նախարարն ընդգծեց, որ վերջին երեք տարիներին Ռուսաստանի կողմից աջակցությունն առավելապես իրականացվում է մեր երկրում ՄԻԱՎ-ի նկատմամբ բնակչության ամենախոցելի խմբում` աշխատանքային միգրանտների, նրանց զուգընկերների և ընտանիքի անդամների շրջանում։ Իսկ շարժական բուժախտորոշիչ կլինիկան հնարավորություն տվեց կանխարգելիչ միջոցառումները հասանելի դարձնել ամենից խոցելի այդ խմբի համար։ Տպավորիչ է, որ մինչ ծրագրի սկսելը Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ տարեկան հետազոտվում էր միջինը 100 միգրանտ։ Մինչդեռ շարժական կլինիկայի մեկ տարվա աշխատանքի արդյունքում ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ հետազոտություն է անցել 3540 միգրանտ, զուգընկերներ և համայնքի բնակիչներ։ Կարևորեց, որ ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունները տրա¬մադրվել են ընդհանուր բժշկական ծառայությունների փաթեթիում։
ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը լրագրողներին ներկայացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը և համաճարակի զարգացման առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի արդյունքները։
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում
Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:
1988թ. մինչև 2015թ. սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետությունում ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2171 դեպք:
ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 1498 մարդ (69%)։ Իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 673 դեպք (31%): ՄԻԱՎ վարակի 41 դեպք (1,9%) է արձանագրվել երեխաների մոտ:
ՄԻԱՎ-ով վարակվածների 53%-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում:
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (64,4%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (26,2%): Սրանցից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:
ՄԻԱՎ վարակով հիվանդներից 1127-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ վարակով հիվանդների մահվան 476 դեպք: Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով գրեթե բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (96,6%):
ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը 100 000 բնակչի հաշվով ցույց է տալիս, որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է՝ 99,1, որին հաջորդում են Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերը` համապատասխանաբար` 90,3; 68,8; 67,8:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3800:
ՄԻԱՎ-ի տարածվածությունը 15-49 տարիքային խմբում 0,2% է: