Ցանկացած նոր զինտեխնիկա իր մուտքով բալանսի փոփոխության մասին է խոսում, սակայն ես դեմ եմ «իսկանդերակենտրոն» քննարկումներին,«Ազատություն» ռ/կ հետ զրույցում ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Քննարկումներ կան, թե «Իսկանդերով» մենք ամենակարող դերում ենք հայտնվում, իսկ ես այդ «ամենակարողությանը» դեմ եմ: Զենքերը չեն այդ ամենակարողությունն ապահովում: Այո, «Իսկանդերն» ունի առավելություն Ադրբեջանի ունեցած զինատեսակների նկատմամբ` հեռահարության, ճշգրտության առումով, բայց դա մեր զինանոցի մի զինատեսակներից մեկն է ընդամենը»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
ՊՆ մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է զինատեսակների ձեռքբերման գործընթացը:
«Սա շարունակական է: ՀՀ-ն ձեռք է բերում նորագույն զինատեսակներ: Դրանցից մեծ մասը կլինեն հարձակվողական, որոշ մասը` պաշտպանողական ու դրանք բոլորն էլ բալանսը փոխում են, մեր մարտունակությունն ավելացնում են: Իհարկե, հակառակորդն էլ տեղում կանգնած չէ, իրենք էլ են զինվում»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը: