տուն Լուրեր ՀՀ քննչական կոմիտեն մերժել է Ավետիսյանների սպանության դրդապատճառի հետ կապված միջնորդությունը

ՀՀ քննչական կոմիտեն մերժել է Ավետիսյանների սպանության դրդապատճառի հետ կապված միջնորդությունը

128
0

gyumri

ՀՀ քննչական կոմիտեն Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության դրդապատճառի հետ կապված կարևոր հանգամանքի շուրջ քննություն կատարելու մասին տուժող կողմի ներկայացուցիչների միջնորդությունը մերժվել է: «Մենք, ծանոթանալով գործի նյութերին, համարել էինք, որ քրեական գործում փաստական տվյալ կա առ այն, որ սպանության դրդապատճառը, հնարավոր է, այլ է, քան հաստատված է քրեական գործի նախաքննությամբ: Միջնորդությունը մերժելիս նախաքննական մարմինը նշել է, որ նախաքննությամբ արդեն իսկ հիմավորվել է, որ Վալերի Պերմյակովը Ավետիսյանների տուն մուտք է գործել ավազակային հարձակման նպատակով և ընտանիքի անդամներին ապօրինաբար կյանքից զրկել է ավազակությամբ զուգորդված: Հաշվի առնելով այդ հանգամանքները` նախաքննական մարմինը հարկ է համարել, որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից մատնանշված հնարավոր շարժառիթի հետ կապված քննություն կատարելու անհրաժեշտություն չկա»,­«Արմենպրես»­ի հետ զրույցում` հայտնեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը` հավելելով, որ, նախաքննական մարմնի որոշումը բողոքարկվելու է ՀՀ դատախազությունում, իսկ մերժվելու դեպքում` սպանության դրդապատճառի հանգամանքին պարտադիր անդրադարձ կկատարվի նաև դատաքննության ընթացքում:

Նոյեմբերի 17-­ին լրացավ Վալերի Պերմյակովի քրեական գործով քննիչի կողմից տրված ժամկետը, որի ընթացքում կողմերը պետք է ծանոթանային գործին և անհրաժեշտության դեպքում ներկայացանեյին միջնորդություններ: Միջնորդություններ չներկայացնելու պարագայում` քրեական գործը իր մեղադրական եզրակացությամբ պետք է ուղարկվեր գործը վերահսկող դատախազին: Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով հոկտեմբերի 16­ին նոր մեղադրանք էր առաջադրվել Վ.Պերմյակովին։ Քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ մեղադրյալի կողմից 2015 թվականի հունվարի 12­ ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը։