տուն Լուրեր ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումը Հայաստանի համար աննպաստ է եղել. քաղաքագետ

ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումը Հայաստանի համար աննպաստ է եղել. քաղաքագետ

146
0

arm

Օրեր առաջ ՀՀ կառավարությունը նիստի ընթացքում  հավանություն տվեց Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին երկու հարցի: Մասնավորապես, առաջին նախագծով ձեռք բերված համաձայնությամբ՝ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2016 թվականի հունվարի 1-ից սկսած մինչև 2016-ի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար պահպանվում է նախորդ տարվա՝ 165 ԱՄՆ դոլար չափով:

Գազի սակագնի հետ կապված եղան նաև պաշտոնյաների հայտարարություններ, որոնք իրարից խիստ տարբեր էին:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը հայտարարեց, թե գազի 165 դոլար գինը գործում է մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը: Բանակցություններ են ընթանում, որ գինը լրացուցիչ իջեցվի: Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն էլ հայտարարեց, թե ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպման ընթացքում նախատեսվում է նաև գազի սակագնի հետ կապված քննարկում, որպեսզի պահպանվի ներկայիս գինը՝ 165 դոլարը:

Լևոնի Յոլյանի, թե՞ Շավար Քոչարյանի հայտարարությունն էր ճիշտ և ինչպիսին կլինի վերջնական որոշումը, հարցեր araratnews.am-ի հետ զրույցում մեկնաբանեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը.«Հիմնականում այդ բանակցությունները տեղի են ունենում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Խնդիրն այն է, որ այդ հարցը պետք է լուծի բացառապես Սերժ Սարգսյանը, իսկ ավելի ցածր պաշտոնյաները հիմնականում հիմնված են իրենց ենթադրությունների վրա, ամեն մեկն ասում է այն, ինչ ենթադրում է: Մյուս կողմից՝ գազի գնի հետ կապված խնդիրը չափազանց բարդ պատմություն է: Գազի գինը նաև կապվում է քաղաքական խնդիրների հետ, օրինակ՝ հիշում ենք, երբ Հայաստանը մտավ ԵՏՄ, հիմնական տնտեսական գործոնն այն էր, որ Հայաստանի համար գազի գինը կմնա նույնը»:

Մամուլում շրջանառվող ոչ պաշտոնական հայտարարությունների համաձայն, ՀՀ և ՌԴ նախագահները հանդիպման ժամանակ ևս քննարկել են գազի սակագնի իջեցման հետ կապված հարցեր, չնայած նրանց հանդիպման ժամնանակ քննարկված թեմաների վերաբերյալ մինչև այսօր ոչ մի պաշտոնական հայտարարություն չի եղել:

Քաղաքագետի կարծիքով, պաշտոնական հայտարարություն չի եղել, որովհետև օրակարգը վատն է եղել.«Ես տեսա Պեսկովի հայտարարությունը, որի մեջ քողարկված մեսիջներ կային, որոնք վերաբերում էին այդ հանդիպմանը: Պեսկովը խոսելով ղարաբաղյան կարգավորման մասին, մի խոսք անգամ  չասաց Մինսկի խմբի նշանակության մասին և խոսեց Ռուսաստանի միջնորդության մասին: Կարծես թե այդ հանդիպման ժամանակ փորձ է արվել քանդել Մինսկի խմբի ֆորմատը և դա կարելի է իմանալ կողմնակի, ոչ ուղղակի աղբյուրներից: Ես կարծում եմ,որ այդ հանդիպումը Հայաստանի համար բավականաչափ աննպաստ է եղել, օրակարգը լավ օրակարգ չի եղել և այդ է պատճառը, որ Հայաստանում հանդիպման ժամանակ քննարկված թեմաների մասին հայտարարություն չի արվել»: