Բուլղարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը մայիսի 10-ին հավատարմագրերն է հանձնել Բուլղարիայի Նախագահ Ռոսեն Պլեւնելիեւին:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, հանդիսավոր արարողությունից հետո Բուլղարիայի նախագահն ու դեսպան Սարգսյանն առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում Ռոսեն Պլեւնելիեւը կարեւորել է երկու երկրների միջեւ պատմականորեն գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը: Նա, միաժամանակ, նշել է, որ կողմերն առեւտրա-տնտեսական ոլորտում փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ ունեն:
Բուլղարիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի նորանշանակ դեսպանն իր ուժերն ու փորձը կծառայեցնի երկու երկրների հարաբերություններն առավել զարգացնելու ու ընդլայնելու գործին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ հայ-բուլղարական հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար: Արմեն Սարգսյանը Բուլղարիայի նախագահին համառոտ ներկայացրել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը եւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող վերջին զարգացումներին:
Զրուցակիցները քննարկել են նաեւ առաջիկայում բարձր մակարդակի երկկողմ այցեր կազմակերպելու հեռանկարները: