Սանկտ Պետերբուրգում շարունակվում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
Մարտի 28-ին տեղի է ունեցել «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարը» խորագրով անցկացվող ԱՊՀ ՄԽՎ և ԵԱՀԿ ԽՎ համատեղ համաժողովը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Տաճատ Վարդապետյանը, Ռուբիկ Հակոբյանը, Հովհաննես Սահակյանը և Լյուդմիլա Սարգսյանը:
Համաժողովը վարել են ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և ԵԱՀԿ ԽՎ նախագահ Քրիստին Մուտոնենը:
Համաժողովին ներկա են գտնվել ԱՊՀ, ԵԽԽՎ և ԵԱՀԿ մասնակից պետությունների օրենսդիր և գործադիր իշխանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանած գիտնականներ և փորձագետներ:
Լիագումար նիստում ելույթներ են ունեցել համանախագահները, իսկ զեկույցներով հանդես են եկել ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, Միջերկրական խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ռոքեն, ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նախագահ Մոգենս Յենսենը, միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ելույթ է ունեցել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
Մասնակիցները կարևորել են ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միասնական ջանքերի
կիրառումը և համապատասխան իրավական դաշտի կատարելագործումը:
Համանախագահները կոչ են արել կիրառել միջխորհրդարանական հնարավորությունները, ինչպես նաև վարել կառուցողական համագործակցություն` հանուն խաղաղության: Ըստ բանախոսների՝ խորհրդարանականները պետք է վճռական և անզիջում դատապարտեն ահաբեկչական բոլոր գործողությունները՝ ընդգծելով մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի կարևորությունը:
Համաժողովն ընդունել է փաստաթուղթ, որում մասնավորապես նշված է. «Մենք վճռական ենք տրամադրված՝ միավորելու մեր ջանքերը ահաբեկիչների անմարդկային և սահմաններ չճանաչող հանցավոր գործունեության դեմ պայքարում:
Ահաբեկչության դեմ պայքարում հնարավոր է հաղթանակել` հիմնվելով միմիայն մեր սկզբունքների վրա, որոնց հիմքն են խաղաղության պահպանումը, ազատությունը, հավասարությունը, արդարությունը, քաղաքացիների հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքը. այն, ինչը նախատեսված է միջազգային պարտավորություններով»:
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել, այդ թվում` Հարավային Կորեայի խորհրդարանական պատվիրակության անդամների, ինչպես նաև ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են խորհրդարանների հարաբերություններին, միջազգային հարթակներում, ինչպես նաև ԱՊՀ ՄԽՎ շրջանակում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: