Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է մարզերում ֆուտբոլային կյանքն ակտիվացնելու ուղղությամբ ակտիվ աշխատանքները, խոսքը ոչ միայն մարզադաշտերի կառուցման կամ մրցումների կազմակերպման, այլև համայնքապատկան մարզադպրոցներին ու թիմերին իր հնարավորությունների սահմաններում մարզագույքով օգնելու մասին է: Այս մասին հաղորդում է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը:
«Այս քաղաքականության տրամաբանության շրջանակներում այսօր ՀՖՖ-ի անունից Վարդենիսի N1 մարզադպրոցին են հանձնվել գնդակներ և մարզագույք», ասել է Զոհրապ Եգանյանը: Նա մարզադպրոցի սաների և մարզիչների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահում մարզերում ֆուտբոլային կյանքն ակտիվացնելու հարցը, հավելելով, որ Վարդենիսի տարածաշրջանում ևս մեկնարկել են փոքր մարզադաշտերի կառուցման աշխատանքները, ինչն ուղղված է Վարդենիսում և հարակից գյուղերում մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելուն:
Հ.Գ. Ներկայումս Վարդենիսի N 1 մարզադպրոցի 8 խմբերում ընդգրկված են շուրջ 130 պատանի ֆուտբոլիստներ: Նախապատրաստական չորս խմբերում մարզվում են 7-2 տարեկան, ուսումնամարզական չորս խմբերում՝ 13-16 տարեկան պատանի ֆուտբոլիստներ: 2018 թ. մարզադպրոցի մինչև 16 տարեկանների հավաքական թիմը ՀՀ մարզադպրոցների հանրապետական առաջնության մրցումներում զբաղեցրել է 3-րդ մրցանակային տեղը: «Անդրանիկ-05» թիմը մինչև 14 տարեկանների Հայաստանի 2018-2019 թթ. առաջնության Բ խմբում նվաճել է չեմպիոնի կոչումը: Հայաստանի 2019-2020 թթ. առաջնությանը մարզադպրոցը հանդես է գալու 2 թիմերով: