Բաքվից եկած փախստական Ռիտտա Միրզոյանցը, ով բնակվում էր հանարակացարանի իր փոքրիկ սենյակում, այլևս սեփականատեր չէ: Նա այդ մասին իմացել է, երբ գնացել է հերթական նպաստը ստանալու, որտեղ էլ տեղեկացել է, որ այսուհետ չի կարող նպաստ ստանալ, որվհետև նույն բնակավայրում գրանցված են ևս երեք մարդ, այն դեպքում, երբ փախստականի մայրը մահացել է, և նա միայնակ է:
Ռիտտա Միրզոյանիցի կարգավիճակում են հայտնվել ևս երեք փախստական կանայքˋ Ակոպովա Մարինան, Սեյրանովա Նոռան և Առաքելովա Ժաննան: Այժմ գրանցված սեփականատերերը ցանկացած պահի կարող են կանանց իրենց բնակարաններից դուրս հանել, չնայած վերջիններս ունեն պայմանագրեր, որոնք ուժի մեջ են մտել 1998 թվականի հունվարի մեկից: Ըստ ստորագրված պայմանագրերիˋ բնակիչները պարտավորվում են ամենա ամիս՝ մինչև հաջորդ ամսվա հինգը բնակտարածքի վարձավճարը կանխիկ մուծել Գեղարվեստի թիվ հինգ ուսումնարանին:
Նշենք նաև, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վճռի համաձայնˋ սենյակները ճանաչվել են տիրազուրկ, բնակիչների սեփականատիրության իրավունքը ճանաչվել է ձեռքբերման վաղեմության ուժով, այն դեպքում երբ սեփականատերերից չորսինˋՖլորա Խուրշուդյանին, Հայկ Ասատրյանին, Վարդան Թաթոսյանին և Արամ Աբրահամյանին, հանարկացարանի բնակիչները երբեք չեն տեսել և չեն էլ ճանաչում:
Հանրակացարանի բնակիչները դիմումներ են ներկայացերել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, որոնց ի պատասխան ստացել են տեղեկանք, որտեղ նշվում է նրանց անծանոթ մարդկանց անուններ, ովքեր գրանցված են անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքով:
Այսպիովˋ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10-րդ շենքիˋ «Դողագործ» ԲԲԸ N 5 հանրակացարանի 413,218,320, 415 բնակարաններում, որտեղ ապրում են Ռիտտա Միրզոյանցը, Ակոպովա Մարինան, Սեյրանովա Նոռան և Առաքելովա Ժաննան՝ գրանցված սեփականատերերն են Խուրշուդյան Ֆլորան, Հայկ Ասատրյանը, Թաթոսյան Վարդանը և Արամ Աբրահամյանը:
Բնակիչներից մեկի բարեկամուհու հավաստմամբˋ կանայք համոզված են, որ այս ամենը կատարվել է շենքի լիազորˋՀարություն Հարոյանի ձեռքով, ով որոշել է այս ճանապարհով գումար աշխատել. «Հանրակացարանի շենքը, որտեղ կանայք ապրում են, 3-րդ կարգի վթարային է, հնարավոր է՝ գան, ստուգեն, համարեն 4-րդ կարգի վթարային շենք և բնակիչներին նոր բնակարաններ տան: Երևի իմացել են, որ նոր բնակարանների հարց կա՝ որոշել են առիթից օգտվել»:
Հուսահատ կանայք որոշել են դիմել վերաքննիչ դատարան, և, որպես ապացույց, որ իրենք 1998-ից բնակվում են այդ բնակարաններում, կներկայացնեն իրենց պայմանգրերը, կոմունալ վճարների կտրոնները և հանրակացարանի բնակիչների անունների ցուցակը, որը ժամանակին տրամադրել է հենց Հարություն Հարոյանը: Փախստականների շահերը կպաշտպանեն Հանրային պաշտպանի գրասենյակից երկու փաստաբան: