տուն Լուրեր Հենց հիմա վարորդ եմ փնտրում 80 հազար դրամ աշխատավարձով՝ չեմ գտնում․ Արագածոտնի...

Հենց հիմա վարորդ եմ փնտրում 80 հազար դրամ աշխատավարձով՝ չեմ գտնում․ Արագածոտնի մարզպետ

154
0

Աշխատանքը ավելի լավ կատարելու համար, ինչպես մասնավոր հատվածում, այնպես էլ պետական հատվածում օրենքով սահմանված կարգով կարող են պարգևատրվել․ այս մասին լրագրողների հետ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը՝ պատասխանելով 7-8 մլն դրամ պարգևավճար բաժանելու հարցին։

Մարզպետը հարցադրում արեց լրագրողներին, թե արդյոք հետաքրքրվե՞լ են՝ մարզպետարանի աշխատակիցները ի՛նչ աշխատանք են արել այդ երեք ամսվա ընթացքում՝ շեշտելով, որ «աշխատանքը ավելի լավ կատարելու համար, ինչպես մասնավոր հատվածում, այնպես էլ պետական հատվածում օրենքով սահմանված կարգով կարող են պարգևատրվել»։

Հարցին, թե ինչո՛ւ ուսուցիչները չեն ստանում նման պարգևավճար, մարզպետը պատասխանեց․ «Ես կարող եմ ասել միայն աշխատավարձի և ֆոնդի տնօրինման մասին, որը ես եմ տնօրինում, ուսուցիչների աշխատավարձն ու պարգևավճարները տնօրինում են դպրոցի տնօրենները»։

Գևորգյանը պնդեց, որ մարզպետարանի ոչ մի աշխատակից մի քանի անգամ ավել չի ստացել, ուղղակի պարգևատրվել է լավ աշխատանքի համար․ «Ամեն մեկը ստացել է հավուր պատշաճի։ Պարգևավճարները ստորին օղակներից մինչև վերև են բարձրացել, այսինքն՝ մեկ դրույքը չի գերազանցել»։

Դիտարկմանը, թե լավ աշխատանքի արդյունքում մարզում ի՞նչ փոփոխություն է եղել․ «Մարզում փոփոխություններ են եղել թե՛ առողջապահության ոլորտում, թե՛ կրթության ոլորտում»,- պատասխանեց մարզպետը՝ բերելով Աշտարակի հիվանդանոցի վերջին 3 ամսվա փոփոխությունների օրինակը։ «Դրանք հեղափոխական փոփոխություններ են, որոնց աշտարակցին վերջին 10 տարում ուղղակի սպասել է»։

Գևորգյանը համոզմունք հայտնեց, որ միջին և ստորին օղակների համար աշխատավարձը պիտի բարձրանա, որովհետև «ես հենց հիմա վարորդ եմ փնտրում 80 հազար դրամ աշխատավարձով՝ չեմ գտնում»։

Մարզպետը նշեց, որ մարզպետարանում 55 հազար դրամով երկու հավաքարար է աշխատում, և ինչպե՞ս ինքը նրանց պարգևավճար չտար։