Օրերս առողջապահության նախարարությանը կից հասարակական խորհրդում քննարկվել է առողջապահության ու պարտադիր բժշկական ապահովագրության մասին օրինագծերը: Հասարակական խորհրդի անդամ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, միջազգային փորձագետ Մովսես Արիստակեսյանն Araratnews.am-ին քննարկումից մանրամասներ ներկայացրեց. «Մոտավորապես 10 առաջարկ ես եմ ներկայացրել էլեկտրոնային բժշկության, սոցփաթեթի, առողջապահության եւ բժշկական ապահովագրության օրինագծերի մասին»:
«Առողջապահության մասին» այս օրինագիծը, զրուցակցիս խոսքով, հաջողված է, ի տարբերություն նախորդ երկու օրենքների. «Առողջապահության մասին» օրինագիծը մարդակենտրոն է, որտեղ ամրագրված են ոչ միայն շահառուների, այլեւ բուժօգնություն իրականացողների իրավունքները, պատասխանատվությունը: Կհստակեցվեն էթիկայի նորմերը, կարգավորված կլինեն հեքիմությամբ, ոչ ավանդական բժշկությամբ զբաղվելու չափորոշիչները: Դա շատ կարեւոր է, քանի որ ամեն մի շառլատան հաճախ իրեն բժիշկ է համարում եւ վնասում մարդկանց առողջությունը»:
Ինչ վերաբերում է պարտադիր բժշկական ապահովագրությանը, Արիստակեսյանի խոսքով՝ այն անհրաժեշտ է մեր հանրությանը, քանի որ մեր քաղաքացիները մեծ մասամբ դիմում են բժշկի, երբ դանակը ոսկորին է հասնում: «Հիմա պետք է որոշեն ապահովագրության վճարի չափը, որը բարդ է: Եվրոպական մի շարք երկրներում գործատուն է վճարում ապահովագրության գումարը: Կան երկրներ, երբ ապահովագրության գումարի կեսը վճարում է գործատուն, կեսը՝ աշխատողը: Իսկ երկրներ էլ կան, որտեղ աշխատողն է վճարում ապահովագրության գումարի մեծ մասը: Հայաստանում այդ վճարի չափը որոշելը դժվար է: Բժշկական ապահովագրության համակարգը ներդնելիս պետք է ընտրեն ապահովագրությամբ զբաղվողներին, որոշեն, թե ով է վճարելու գործազուրկների, խոցելի խմբերի համար: Սրան զուգահեռ նախարարությունը պետք է հիվանդությունների կանխարգելմամբ զբաղվի»,- մանրամասնեց ՀԿ-ի ղեկավարը:
Հայաստանի առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ղեկավարն է: Շահերի բախում չի՞ լինի, երբ բիզնեսմեն նախարարը բժշկական ապահովագրության համակարգ է ներդնում: «Ես առաջարկում եմ, որ պետական ապահովագրական ընկերություն լինի: Այն պետք է ղեկավարի պետությունը, ոչ թե առանձին անհատներ»,- հարցին պատասխանեց փորձագետը:
Հայաստանում մեկ միլիոն աղքատ կա, ինչպե՞ս են նրանք օգտվելու պարտադիր բժշկական ապահովագրությունից: Մովսես Արիստակեսյանը մտահոգությունը ճիշտ համարեց, սակայն այդ 1 մլն աղքատների մի մասը ստվերային զբաղված է ու իր եկամուտները ցույց չի տալիս. «Պետական բյուջեի 80 մլրդ դրամի շրջանակներում պետք է այնպես անել, որ պետությունը վճարի այդ մարդկանց համար»:
Սոնա Դավթյան