տուն Լուրեր Հեղափոխություն գյուղատնտեսության բնագավառում (տեսանյութ)

Հեղափոխություն գյուղատնտեսության բնագավառում (տեսանյութ)

76
0

Հայաստանի գյուղատնտեսության լրջագույն խնդիրներից մեկը ոռոգման ջրի պակասն է: Նախորդ տարիներին պետության ղեկավարների ուշադրությունից դուրս է մնացել գյուղացու ոռոգման ջրի խնդիրը, ինչի պատճառով շատ ժամանակ բերքը չէր հասնում և չորանում էր: Իրականում Հայաստանում ոռոգման ջրի խնդիր ոչ միայն գոյություն չունի, այլև հակառակը՝ խելացի վարվելու դեպքում մենք ունենք բոլոր հնարավորությունները ապահովելու 24-ժամյա անսպառ ջրամատակարարում: Բանն այն է, որ Հայաստանի ջրային պաշարների միայն 23 տոկոսն է մնում Հայաստանում, մնացածը գետերով հոսում-գնում է օտար ափեր:

Հեղափոխությունից հետո նոր Կառավարությունը առաջնահերթություն է դարձրել Հայաստանում ջրամբարաշինությունը: Բոլոր այն վայրերում, որտեղ կան աղբյուրներ, որ վայրերից  ջուր է դուրս գալիս, պետք է կառուցվեն մեծ ու փոքր ջրամբարներ, ջրավազաններ, ջուրը պետք է հավաքվի և ամառվա սեզոնին վաճառվի գյուղացուն:

Կառավարությունը հստակ տեսլական ունի, որ Հայաստանի ջուրը պետք է մնա Հայաստանում: Սա հեղափոխական մոտեցում է գյուղատնտեսության ասպարեզում, նախկինում նման բան չի եղել: Սարերի և լեռների ճեղքվածքների առաջ պետք է փակվեն, ջուրը կուտակվի և ուղղվի դեպի ջրամբարներ: Մեկ անգամ կառուցում ես՝ տասնյակ տարիներով օգտագործում:

Այնտեղ, որտեղ կա ջուր, կա առատություն: Կառավարության այս ծրագրի իրականացումից Հայաստանում կփոխվի ամեն ինչ: Նախ՝ էկոլոգիական համակարգն է փոխվում, ավելանում է կանաչ միջավայրը, օդն ավելի մաքուր է դառնում, բերքը՝ ավելի առատ

Կան ֆերմերներ, որոնք իրենք վերցնում են տարածքներ և ոչ մեծ ջրավազաններ են կառուցում, որտեղ տարվա ընթացքում կուտակում են ջուրը, իսկ ամառային սեզոնին ջրում իրենց բանջարանոց-այգիները:

Ջրամբարաշինությամբ պետք է զբաղվեն բոլորը՝ մանր ու միջին ֆերմերները, գյուղական համայնքների ղեկավարները, ՏԻՄ կառույցների աշխատակիցները, գյուղատնտեսության նախարարության համապատասխան մարմինները:

Սա մեկ անգամ արվող ծրագիր է, որից հետո այս գերկարևոր խնդիրը կլուծվի, և հետագայում ոչ ոք ջրի խնդիր չի ունենա:

Դիտելով տեսանյութը՝ կհամոզվեք, թե ինչերի կարող է հասնել գյուղատնտեսը նման փոքր ջրամբարներ կառուցելով և սեփական տարածքում էկոլոգիան զարգացնելով:

Այսպիսի մեկ-երկու օրինակները քիչ են: Նման ջրամբարները պետք է լինեն հարյուրներով: Ջուրը բարիք է, որը պետք է պահել ու օգտագործել ըստ նշանակության, այլ ոչ թե բաց թողնել ու հեռացնել երկրից: