«Նատուր Քլին» ՍՊԸ-ն դիմել է «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ եւ բողոքել ՀԷՑ-ի գործունեության դեմ: Պարզվում է՝ ՀԷՑ-ն այդ ընկերությունից գանձել է 890.000 կՎտ/ժամ էլեկտրաէներգիային համարժեք գումար: Մինչդեռ ընկերությունը պնդում է՝ այդքան հոսանք չի ծախսել: Վերոնշյալ ՀԿ նախագահ Ալեքսանդր Ամարյանը դիմել է չափումների ազգային ինստիտուտ, որն էլ պարզել է՝ էլեկտրական հաշվիչները սարքին վիճակում են, բայց դրանք գտնվել են վերոնշյալ ընկերության շենքից 100-150 մետր հեռու բնակելի տարածքը սպասարկող ենթակայանի ներքո: Ամարյանի խոսքով` էլեկտրական հաշվիչներն այդքան հեռու չպետք է գտնվեն:
«Նատուր Քլին» ՍՊԸ-ի էլեկտրական հաշվիչները, բանախոսի տեղեկացմամբ, ստուգվել են 2009-ին. «Օրենքով էլեկտրական հաշվիչները պետք է ստուգվեն 5-8 տարի ժամանակահատվածում: Հայաստանում էլեկտրաչափիչների մեծ մասը չի ստուգվել նախատեսված ժամկետում»:
Ընկերությունը դիմելու է դատարան՝ փոխհատուցում պահանջելու, քանի որ ՀԷՑ-ը, Ամարյանի խոսքով, հստակ պատասխան չի տվել: «Ես չեմ ասում, որ ՀԷՑ-ում այս երեւույթը համատարած է, բայց որոշ տեսուչներ սրա հաշվին գումար են աշխատում: Ես առաջարկում եմ տեսուչին հոսանքի իմ ծախսը քիչ գրել՝ նրան որոշակի մաղարիչ տալով, իսկ նա էլ իմ ծախսը փակում է ուրիշի հաշվին»,- մանրամասնեց Ալեքսանդր Ամարյանը:
Բանախոսը հորդորեց բնակիչներին ուշադրություն դարձնել հաշվիչներին, եւ եթե նկատում են, որ ՀԷՑ-ն ավել գումար է գանձում իրենցից, հաշվիչը ստուգել:
Araratnews.am-ի հարցին՝ գազի, ջրի ոլորտում այսպիսի խնդիրներ կա՞ն, Ամարյանն ասաց, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը հիմա իր նախորդի` «Երեւան ջուր» ընկերության պարտքերն է փակում, որի իրավունքը չունի: Իսկ գազի ոլորտը դեռ չեն ուսումնասիրել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սոնա Դավթյան