տուն Լուրեր ՀԲՃ. Տանձուտի հանքի թթվային ապարների դարավոր դրենաժը

ՀԲՃ. Տանձուտի հանքի թթվային ապարների դարավոր դրենաժը

95
0

1-9-472x265

Վաղուց գիտականորեն ապացուցված և միջազգայնորեն ընդունված է, որ ջրային համակարգերի վրա ազդեցության առումով թթվային ապարների դրենաժը լեռնահանքային արդյունաբերության լրջագույն էկոլոգիական սպառնալիքներից մեկն է։ Հանքերից առաջացող թթուներն ունակ են աղտոտելու և ամայացնելու գետերն ու ջրային այլ հոսքերը՝ ինչը կարող է տևել հարյուրավոր տարիներ։ Իսկ եթե դրենաժի առաջացման համար լինեն այսպես կոչված «բարենպաստ» պայմաններ, ապա դա կարող է տևել և հազարավոր տարիներ:

Հայաստանում ևս այս խնդիրը շատ լուրջ է, և Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունն արդեն ներկայացրել է դրանցից մեկի մանրամասները (տես «Կյանքի հետ անհամատեղելի քանակության ծանր և վտանգավոր մետաղներ Կավարտ գետում» հոդվածը

0

Եվ ահա վերջերս համացանցում հանդիպեցինք ևս մեկ նմանատիպ օրինակի։ Տաթև Աբազյանը մի քանի նկար էր հրապարակել՝ հետևյալ գրառումով․ «Տանձուտ գետահովտի անտառի լքված երկդարյա հանքը… որ դեռևս ծծմբաթթու է շնչում ու անհնարին դարձնում ինքնավերականգնումը»։

Մենք որոշակի տվյալներ փնտրեցինք այս տարածաշրջանի տարբեր հանքերևակումների մասին ու պարզվեց, որ այստեղ ոսկի են որոնել և մշակել դեռ 2000 տարի առաջ։ Իսկ Տաթևի լուսանկարներում պատկերված հանքն ամենայն հավանակությամբ Տանձուտի ծծմբահրաքարային հանքավայրն է, որն հայտնաբերվել է 19-րդ դարի վերջին։ Այստեղ հանքաքար արդյունահանվել է «Նոբել եղբայրներ» ընկերության կողմից 1903-1907 թվականներին և երեքամյա ընդմիջումից հետո շարունակվել մինչև 2017 թվականը։ Այդ ժամանակ հանքը շահագործվել է բաց եղանակով, ամենահարուստ տեղերից և արդյունահանվել է մոտ 20 800 տոննա հանքաքար՝ մոտ 40% ծծմբի պարունակությամբ։

1925-1926 թվականներին հանքավայրից մեծ քանակությամբ հանքաքար է արդյունահանվել և տեղափոխվել Բաքու։ Կառուցվել է նաև փոքր հարստացուցիչ ֆաբրիկա, որտեղ կատարվել է վերամշակում։ Ներկայումս պահպանվել են այդ ֆաբրիկայի և օժանդակ կառույցների ավերակները։

2 (4)

Հետագա տարիների ընթացքում անցկացվել են բազմաթիվ երկրաբանական հետախուզման աշխատանքներ՝ ինչպես ծծմբի և պղնձի, այնպես էլ ոսկու, արծաթի և մի շարք ուղեկից բաղադրիչների՝ սելենի, թելուրի և այլ տարրերի պարունակությունները պարզելու նպատակով։

Այդ ամենի արդյունքում տարածքում մնացել են բազմաթիվ թափոնակույտեր, լքված հանքափոսեր, վերգետնյա փորվածքներ և այլ հետևանքներ, որոնք էլ դառել են թթվային ապարների դրենաժի աղբյուր, որը շարունակվում է առ այսօր՝ այսինքն հանքի հայտնաբերումից 120 տարի անց։

Այդ ամենի ընթացքում տարածքում մնացել են բազմաթիվ թափոնակույտեր, լքված հանքափոսեր, վերգետնյա փորվածքներ և այլ հետևանքներ, որոնք էլ դառել են թթվային ապարների դրենաժի աղբյուր, որը շարունակվում է առ այսօր՝ այսինքն հանքի հայտնաբերումից 120 տարի անց։

Մենք կաշխատենք այս դեպքում նույնպես (ինչպես Կավարտի դեպքում) կատարել ջրի նմուշառում և մասնագիտացված գիտական լաբորատորիայի օգնությամբ պարզել Տանձուտի հանքի թթվային ապարների դարավոր դրենաժի արդյունքում աղտոտվող ջրերի թթվայնությունը, ֆիզիկո-քիմիական կազմն ու ծանր և վտանգավոր մետաղների պարունակությունը։

Հանքերի թթվային ապարների դրենաժի էկոլոգիական վտանգներին կարող եք հակիրճ ծանոթանալ այստեղ։

 

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն