Համացանցում հայտնվել է Մինսկում տոնական հրավառության ժամանակ պայթյունի տեսանյութը, որի հետևանքով մեկ կին է զոհվել. այս մասին հաղորդում է ria.ru-ն:
Բելառուսում հուլիսի 3-ի անկախության օրվա տոնակատարությունը մթագնվել է արտակարգ պատահարով՝ հրավառության համազարկերից մեկը շատ ցածր է պայթել: Տուժել է «Դինամո» մարզահամալիրը: Բացի այդ, մինսկցիները սոցցանցերում հաղորդում են մոտակայքի շենքերի պատուհանների կոտրված ապակիների մասին:
Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես հրավառության սովորական համազարկերի արանքում լսվում է բարձր թրխկոց, որից հետո երկնքում հայտնվում է ծխի սյուն:
Քննչական կոմիտեի տվյալներով՝ պայթյունների շարքը խափանել է հրավառության կայանքները, դրանց բեկորները թռել են շուրջբոլորը: Արկերից մեկի մետաղական բեկորը դիպել է 64-ամյա կնոջը, որը Սվիսլոչ գետի ափից հետևում էր հրավառությանը: Չնայած ժամանակին ցույց տրված բժշկական օգնությանը, նրա կյանքը չի հաջողվել փրկել:
Ընդամենը վիրավորվել է շուրջ 10 մարդ, հինգը հոսպիտալացվել են՝ ճշտել են առողջապահության նախարարությունում:
Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հաղորդել են, որ հրավառության կայանքների պայթյունի պատճառը կարող էր լինել հրատեխնիկայի տրամաչափերից մեկի ոչ որակյալ արկերը:
Հարուցվել է քրեական գործ: