Թուրքիայի խորհրդարանի բոլոր կուսակցություններն արդեն հրապարակել են խորհրդարանի նախագահի ընտրություններում իրենց թեկնածուների անունները:
Ըստ թուրքական T24.com.tr լրատվական կայքի՝ նոյեմբերի 17-ից 21-ը տեղի ունենալիք խորհրդարանի նախագահի ընտրություններում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP-ԺՀԿ) առաջադրել է Իզմիրից ընտրված պատգամավոր Զեքերիա Թեմիզելի թեկնածությունը:
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) առաջարկել է Հաքքարիից ընտրված պատգամավոր, ներկայում կալանավորված Սելմա Ըրմաքի թեկնածությունը:
«Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) թեկնածուն կուսակցության փոխնախագահ, Ստամբուլի պատգամավոր Ջելալ Ադանն է:
Ամենավեջինը իր թեկնածուի անունը բացահայտել է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ): ԱԶԿ-ի թեկնածուն մեջլիսի ներկայիս նախագահ Իսմայիլ Քահրամանն է, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է նոյեմբերի 22-ին:
Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանի նախագահի ընտրությունն անցկացվում է 4 փուլով:
1-ին փուլում փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվում է ձայների 2/3-ը ստացած թեկնածուն (367 քվե):
2-րդ փուլում կրկին ընտրությունը կատարվում է նույն սկզբունքով:
3-րդ փուլում խորհրդարանի նախագահ է ընտրվում ձայների պարզ մեծամասնությունը ստացած (50%+1) թեկնածուն:
4-րդ փուլում ընտրությունը կատարվում է 3-րդ փուլում ամենաշատ ձայները ստացած 2 թեկանածուների միջև: