Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի կունենա բարերար, Մոսկվայի բանտում մահացած Լևոն Հայրապետյանի հուղարկավորությունը:Այս մասին Tert.am-ին հայտնեց Լևոն Հայրապետյանի մտերիմ ընկեր Մացակ Փոլադյանը, որը զրույցի պահին Նիցցայի օդանավակայանում էր, սպասում էր Նիցցա-Մոսկվա իր թռիչքին, որպեսզի ներկա լինի ընկերոջ վերջին հրաժեշտի արարողությանը:
Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը ցանկություն էր հայտնել հուղարկավորվել ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում, այլ Մոսկվայում՝ հոր ու մոր կողքին:
Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանում քրեական հետապնդման ենթարկված Լևոն Հայրապետյանը տևական ժամանակ քաղցկեղով հիվանդ էր. նրա փաստաբանները վերջինիս խափանման միջոցը փոխելու հարցն էին բարձրացնում, որն այդպես էլ չփոխվեց։
Նրան ներկայացված մեղադրանքն էր իրավաբան Սերգեյ Անտոնովի հետ Բաշկիրիան ներկայացնող նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից՝ իր որդու դատավճիռը մեղմելու նպատակով 700.000 դոլար վերցնելը: Ինքը` Հայրապետյանը, չէր ընդունել ներկայացված մեղադրանքները, և ինչպես հայտնի դարձավ՝ Լևոն Հայրապետյանի հարազատները չեն համաձայնել հետմահու դադարեցնել Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերը յուրացնելու մեղադրանքով նրա դեմ հարուցված քրեական գործը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր նրա փաստաբան Դավիդ Խեչանը:
Երեկ ողջ օրը ցավակցական հեռագրեր էին հղվում Հայաստանից և Արցախից՝ Լեռնային Ղարաբաղում հսկա բարեգործական ծրագրեր իրականացրած գործարարի մահվան կապակցությամբ, այդ թվում՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի և պետնախարար Արայիկ Հարությունյանի կողմից:
Մացակ Փոլադյանը հավելեց, որ որքանով տեղյակ է՝ Արցախից և Հայաստանից մարդիկ մասնակցելու են հուղարկավորության արարողությանը, սակայն կոնկրետ ովքեր՝ չի կարող ասել:
Նշենք, որ Արցախի նախագահը, ով երեկ ցավակցական հեռագիր էր հղել Լևոն Հայրապետյանի մահվան կապակցությամբ, Արցախում չէ, գտնվում է Բելգիայում: