տուն Լուրեր Հայկական դրոշով նավեր. ի՞նչ փուլում է ծովային օրենսդրությունը (տեսանյութ)

Հայկական դրոշով նավեր. ի՞նչ փուլում է ծովային օրենսդրությունը (տեսանյութ)

163
0

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց  իր հեղինակած ծովային օրենսդրության մասին: Նա հիշեցրեց, որ գաղափարն առաջացել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար աշխատելիս:

«Անգամ ռուս բիզնեսմեններն են հետաքրքրված ծովային օրենսդրությամբ, քանի որ լավ տեսլական կա: Երկու երկիր կա՝ Մոնղոլիան եւ Մոլդովան, որոնք չունեն ուղիղ ելք դեպի ծով: Պարտադիր չէ, որ Հայաստանն ունենա նավ, բայց բիզնեսմենները կարող են օգտագործել մեր դրոշը եւ վճարներ կատարել մեր բյուջե: Բացի այդ, մենք եւս կարող ենք նավ ստեղծել»,- մանրամասնեց օրենսդիր մարմնի անդամը:

Պատգամավորն ասաց, որ ծովային օրենսդրություն լինելու դեպքում բիզնեսմեններն իրենց նավերը կգրանցեն Հայաստանի դրոշով եւ անարգել կօգտվեն ԵԱՏՄ շուկայից: «Բավական շատ բիզնեսմեններ ասել են, որ կօգտվեն այդ տարբերակից»,- տեղեկացրեց պատգամավորը:

Արմեն Փամբուխչյանը համոզված է՝ ծովային օրենսդրությունը կյանքի կոչվելու դեպքում այլ ենթակառուցվածքներ եւս կզարգանան:

Աշնանը օրենսդիր մարմնի անդամի նախագիծը կներկայացվի հանրությանը:

Araratnews.am-ի հարցին՝  ընդդիմախոսները պնդում են, որ  պատգամավորի այս նախաձեռնությունը ուտոպիա է, քանի որ  1990-ականներին Գերագույն Խորհրդում եւս նման  առաջարկ է եղել, սակայն մնացել է թղթի վրա, պատգամավորը չհամաձայնեց. «Դա ուտոպիա չէ, իսկ 1990-ականներին դա մնացել է թղթի վրա, քանի որ պետությունը լուրջ չի վերաբերվել: Իսկ մեր իշխանությունը կարծում է՝ սա իրագործելի է»,- պատասխանեց Փամբուխչյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Դավթյան