Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության, Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը, անդրադառնալով հայկական ատոմակայանի աշխատանքին, նշեց, որ այն այլևս հնարավոր չէ բարելավել, որպեսզի համապատասխանի միջազգային չափանիշներին, այնպես որ, պետք է հնարավորիս շուտ փակվի: Նա նաև հավելեց, թե հասկանում են, որ Հայաստանի համար կարևոր է էներգետիկ անվտանգությունը, և հիմա աշխատում են այդ ուղղությամբ:
Նշենք, որ Դիրկ Լորենցը և Եվրամիության այլ ներկայացուցիչներ այս օրերին Հայաստանում են, որպեսզի քննարկեն, թե ինչպե՞ս են կյանքի կոչելու Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթները. «Մասնավորապես քննարկելու ենք էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի հետ կապված միջոցառումների և քաղաքացիական պաշտպանության հարցեր: Համաձայնագրով նախատեսված է, որ Հայաստանն ի կատար է ածելու Եվրամիության օրենսդրական նորմերը՝ այս ոլորտներն արդիականացնելու նպատակով: Դա անելու տարբեր ժամկետներ ունենք` 2-ից մինչև 5 տարի»:
Լորենցը նաև ընդգծեց, որ առաջիկայում ցանկանում են կոնկրետ և շոշափելի օգուտներ տեսնել Հայաստանի քաղաքացիների և Եվրոպական միության քաղաքացիների համար: