տուն Լուրեր Հայկական ապրանքների մուտքը Իրան պետք է հեշտացնել

Հայկական ապրանքների մուտքը Իրան պետք է հեշտացնել

93
0

939d52a42b1e069da1401439454437-3379

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում իրանական շուկայում հայկական ապրանքների, մասնավորապես սննդամթերքի եւ գյուղմթերքների արտահանման խթանման նպատակով։ Լինելով Հայաստանին չափազանց մոտ, այս շուկայի հնարավորությունները մինչեւ այժմ խիստ սահմանափակ են օգտագործվել։

Իհարկե դրա համար եղել են նաեւ օբյեկտիվ պատճառներ։ Գտնվելով միջազգային պատժամիջոցների ճնշման տակ՝ Իրանը հնարավորինս խիստ պայմաններ է սահմանել այլ երկրների ապրանքների մուտքի համար։ Պատժամիջոցների վերացումից հետո իրավիճակը փոխվել է։ Իրանը աստիճանաբար բացում է սեփական շուկան։ Դրանից մտադիր է օգտվել նաեւ Հայաստանը։

Ըստ այդմ, կառավարությունը սկսել է նախապատրաստել հայկական ապրանքների համար իրանական շուկայում նպաստավոր ռեժիմներ ստանալու պայմանները։ Այդ նպատակով վարչապետի հանձնարարականով կձեւավորվի աշխատանքային խումբ, որը պետք է աշխատի իրանական կողմի հետ «Իրանի շուկա հայկական արտադրանքի արտահանման համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունների ապահովման նպատակով Հայաստանում համապատասխան ինստիտուցիոնալ կառույցների ստեղծման ուղղությամբ, որպեսզի Հայաստանի արտադրանքը համապատասխանի Իրանի Իսլամական Հանրապետությունում պահանջվող չափորոշիչներին և Իրանի շուկա մուտք գործի դյուրացված կարգով»:

Կ.Կարապետյանի կարծիքով. «Ունենք հարևան մեծ շուկա՝ մեծ պահանջարկով: Այդ պահանջարկի մեջ մենք զբաղեցնում ենք չնչին տոկոս: Այդ իսկ պատճառով, եթե մենք այստեղ էֆեկտիվ աշխատենք, կարող ենք այդ շուկայում մեծ մասնաբաժին զբաղեցնել»։

Իրականում այդպես էլ կա։ Իրանը մեծ շուկա է հայկական ապրանքների համար։ Մուտքի պայմանների դյուրացումը կարող է լուրջ եւ կարեւոր քայլ լինել իրանական շուկայում հայկական ապրանքների իրացման ընդլայնման համար։ Առավել եւս, որ ի տարբերություն բազմաթիվ այլ շուկաների, այս դեպքում հայաստանյան արտադրողը անհամեմատ ավելի նպաստավոր դիրքում է գտնվում ապրանքների տեղափոխման առումով եւ հիմնականում չունի ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներ ։

Մինչեւ այժմ հայկական ապրանքների ներկայացվածությունը իրանական շուկայում չափազանց սահմանափակ է եղել։ Դա արտահայտվել է մի քանի տասնյակ ապրանքատեսակներով, որոնց մեջ հիմնական մասնաբաժինը եղել է էլեկտրաէներգիան։ Մյուս ապրանքներից իրանական շուկայում համեմատաբար մեծ տեսակար կշիռ է ունեցել կենդանի ոչխարը եւ ոչխարի միսը։

Այժմ կառավարությունը մտադիր է ընդլայնել այս ցանկը։ Դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին վերացնել առկա խոչընդոտները եւ թուլացնել իրանական շուկա մուտքի պայմանները։

Աշխատանքային խումբը բավական սեղմ ժամանակ ունի։ Տարեվերջին սպասվում է Իրանի նախագահի այցը Հայաստան, որի ընթացքում էլ կարող են լուծվել հայկական ապրանքների իրանական շուկա հեշտացված տարբերակով մուտք գործելու հետ կապված խնդիրները։

 

Ն.ՍԱՐԳՍՅԱՆ