Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողներին ասաց՝ ամեն ինչ անելու են, որ շինարարությունն ավելանա, բայց խոսքը օրինական շինարարության մասին է, իսկ այն շինությունները, որոնք արդեն կառուցված են և դիմելու են օրինականացման, մեկ առ մեկ դիտարկվելու են բոլոր շինությունները, որոշումը կայացվելու է մեկ առ մեկ։
Խոսելով փողոցային առևտրով զբաղվողների հարցի մասին՝ Հ. Մարությանն ասաց. «Ինքնին այս արտահայտությունում՝ ապօրինի առևտուր, կան բոլոր հարցերի պատասխաններ։ Հասկանալով մեր բնակիչների սոցիալական վիճակը՝ մենք այս պահին քննարկումների և աշխատանքների փուլում ենք իրենց հետ»։
Պատասխանելով հարցին, թե Երևանի քաղաքապետարանում իրենց պաշտոններում մնացե՞լ են մարդիկ, որոնց անունները հանրությունը կապում է որոշակի երևույթների, կոռուպցիայի հետ, շարունակելո՞ւ են մնալ, քաղաքապետն ասաց. «Փոփոխությունները լինելու են փուլերով։ Շատ մեծ տնտեսություն է, եթե մեկ օրում բոլորին փոխես, այստեղ լուրջ խնդիր կունենանք։ Այն մարդիկ, ովքեր մնացել են իրենց տեղում, չի նշանակում, որ չեն փոփոխվելու»։
Հարցին, թե Երևանի նախկին փոխքաղաքապետ, այժմ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը մինչև այսօր ի՞նչ խորհուրդներ է տվել Մարությանին, որոնք օգտակար են եղել, Հ. Մարությանն ասաց. «Այս մարդն ունի ինստիտուցիոնալ հիշողություն, մեծ գիտելիքներ քաղաքի տնտեսության, առավել ևս՝ կոմունալ մասով։ Ինքն այս գիտելիքներն այսօր ծառայեցնում է ի նպաստ մեր բնակիչների»: