Շարունակելով ՎԶԵԲ-ի «Արևելյան գործընկերության» «Կանայք բիզնեսում» վարկավորման ծրագրի շրջանակներում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի կողմից ՀՀ ՄՓՄՁ ոլորտում ներգրավված կին գործարարներին առաջարկվող ծրագրային փաթեթի ընդլայնմանն ու զարգացմանը միտված միջոցառումների արշավը՝ Բանկի գլխամասային գրասենյակում օրեր առաջ կազմակերպվեց սեմինար-հանդիպում կին գործարարների, ՎԶԵԲ-ի ծրագիրը համակարգող և տեխնիկական աջակցությունն իրականացնող մասնագետների, արհեստավարժ դասընթացավարների մասնակցությամբ:
Միջոցառման ընթացքում քննարկվեցին բիզնես միջավայրի մարտահրավերները, ֆինանսների արդյունավետ կառավարման մեխանիզմները, մասնակիցների կողմից ներկայացվեցին հաջողության պատմություններ:
Հիշեցնենք, որ ս/թ փետրվարի 5-ին ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանը և ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեն ստորագրեցին 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով վարկային պայմանագիր, որը հաջորդում էր կողմերի միջև վերոնշյալ ծրագրի շրջանակներում նախորդ տարում կնքված և հաջողված առաջին ծրագրին: Սույն պայմանագրով ներգրավվող միջոցներն ուղղվելու են կանանց ղեկավարությամբ կամ մասնակցությամբ ՀՀ-ում գործող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանն ու զարգացմանը:
«Բանկը շարունակելու է ներկայացնել ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող տեխնիկական աջակցության շրջանակներում որպես խորհրդատու հանդես եկող փորձառու թիմի և Բանկի մասնագետների կողմից իրականացրած ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքում մշակված և կին գործարարի պահանջմունքներին համապատասխանող փաթեթային առաջարկով՝ աջակցելով ոչ միայն գրավիչ պայմաններով ֆինանսական միջոցների ներգրավմանը, այլև նպատակային խորհրդատվության միջոցով բիզնես գործընթացի ողջ ցիկլի կառավարմանը: Առանձնահատուկ փաթեթ է մշակվել նաև զբոսաշրջության ոլորտի և հյուրանոցային բիզնեսով զբաղվող կին գործարարների համար»,- նշված է Բանկի հաղորդագրությունում: