Հայաստանի Հանրապետությունում վերջին 10 տարիների ընթացքում թերսնուցման նվազում չի դիտվում: Թերսնուցման տոկոսը աշխարհում կազմում է 5-19 տոկոս: Երկաթի, B12 վիտամինի պակասի հետևանքով ձեռքբերված անեմիաները միշտ ուղեկցվում են թերսնուցմամբ: Դրանք կարող են կապված լինել սննդի որակական ու քանակական անբավարարության հետ: Ամբողջ աշխարհի երեխաների շրջանում առկա է 2-5 տոկոս թերսնուցում և երկաթ-դեֆիցիտային անեմիան նույնպես կազմում է 2-5 տոկոս: Հայաստանում, ըստ «MEASURE DHS» ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտության, թերսնուցման ցուցանիշն ավելի բարձր է` 5-10 տոկոս: Ըստ նույն հետազոտության` Հայաստանում մինչև 8 տարեկան երեխաների շրջանում գրանցվել է 20-30 տոկոս անեմիայի դեպքեր: Երկաթ-դեֆիցիտային անեմիան աշխարհում ամենատարածվածն է:
«Երկաթը չափազանց կարևոր է մարդկանց նյարդաբանական և ֆիզիոլոգիական զարգացման համար»,- ասում է Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի Հեմատոլոգիական բաժանմունքի վարիչ Մարկուս Շմուգեն, ով ժամանել է Հայաստան` մասնակցելու Մանկական բժիշկների 4-րդ գիտաժողովին:
«Երկաթ- դեֆիցիտային անեմիայով տառապում է աշխարհի բնակչության 25-30 տոկոսը: Երկաթ-դեֆիցիտային անեմիայի դեպքում ունենք երկու ռիսկային խմբեր՝ 6-36 ամսական երեխաներ և իգական սեռի դեռահասների շրջանում` պայմանավորված դաշտանի սկզբի հետ»,- նշում է շվեյցարացի մասնագետը:
Երկաթ- դեֆիցիտային անեմիան առավել հաճախ հանդիպում է ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում ապրող մարդկանց շրջանում: Մարդու օրգանիզմում երկաթի մեծ մասը գտնվում է էրիտրոցիտներում և մկաններում, ինչպես նաև` քիչ քանակության երկաթ գտնվում է շրջանառության մեջ: Երկաթի օրական պահանջը մենք փորձում ենք լրացնել սննդի միջոցով: Երեխաների մոտ երկաթի դեֆիցիտը խնդիր է հատկապես աճի արագացման շրջանում: Երկաթի օրական պահանջը համեմատաբար ցածր է արական սեռի մոտ: Կանանց, դեռահասների շրջանում երկաթի պահանջը զգալիորեն բարձր է և առավելագույնի է հասնում հղիների շրջանում` օրական կազմելով 4-10 մգ: