Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, մեկնաբանելով այսօր ներկայացված «ՀՀ-ում օրենսդրական գործընթացի համապարփակ գնահատման» մասին զեկույցը, ասաց, որ այն բավական օբյեկտիվ է կազմվել, չնայած, որ պատրաստվել է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական խնդրանքով:
«Ծանոթացել եմ զեկույցին, կարծում եմ` բավական օբյեկտիվ զեկույց է: Նույնիսկ` ինչ-որ տեղ նաև զարմանալի, քանի որ չնայած նրանք եկել, Հայաստանում զրուցել են բազմաթիվ մարդկանց հետ տարբեր թեմաներով, ամեն դեպքում, չլինելով հայաստանցի, ըստ էության` բավական լավ պատկերացում են կազմել այդ հարցի վերաբերյալ: Բավական հետաքրքիր զեկույց է, բոլոր կետերը օբյեկտիվորեն նշված են: Իհարկե, շատ թեթև լուծումներ են առաջարկված: Կասեմ ավելին` շատ տեղերում նրբանկատորեն են մոտեցումները, բայց տողատակերում կարելի է հասկանալ, թե նրանք ինչ նկատի ունեն: Քանի որ ԺՀՄԻԳ-ի ներակայացուցիչները իրավունք չունեին ավելի խիստ նկատառումներ ներկայացնելու: Համենայն դեպս, այդ նրբանկատությունից էլ երևում է, թե որոնք են հիմնական խնդիրները»,- ասաց նա:
Ըստ Իշխանյանի, հիմնական խնդիրներից առաջինն այն է, որ, չնայած Հայաստանում հռչակվել է իշխանության տարանջատում, բայց իրականում այն չկա: Նրա խոսքով` գործադիր իշխանությանը տրված է հզոր ուժ, իսկ Ազգային ժողովին` երկրորդական դեր: Օրենսդրությունը հիմնականում մշակվում է կառավարությունում, իսկ Ազգային ժողովը շատ դեպքերոում անգամ ժամանակ չի ունենում քննարկելու, թե ինչպես են անցնում օրենքները:
«Ես կոպիտ եմ ասում, իրենց մոտ շատ նուրբ է գրված: Քաղաքացիական հասարակության մասնակցությունը այդ օրենքների մշակման գործում հաճախ բավական ձևական բնույթ է կրում: Օրենքների քննարկմանը հատկացված է բավական կարճ ժամանակ: Ըստ էության՝ այս ամբողջ գործընթացում երևում է գործադիր իշխանության դոմինանտ դերը: Զեկույցից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում հիմնական խնդիրը բրգաձև իշխանությունն է` դրանից հետևող բոլոր խնդիրներով»,- եզրափակեց Իշխանյանը: