«Մեր երկրում կան սեփականատերեր, որոնք եթե այդ օրը վատ տրամադրությամբ արթնանան, կարող է պարզվի, որ մեր տնտեսական ցուցանիշներն անկում են ապրելու»,- այսօր ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ընթացող հատուկ նիստում:
Նա անդրադարձավ նաև գյուղատնտեսությանը: «Այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է երկնիշ անկում: Բայց մենք 20 տոկոս արտահանման աճ ենք ունեցել: Գյուղատնտեսության վիճակագրության հետ կապված լուրջ խնդիրներ կան: Ոչ ոք չի կարող վստահ պնդել, որ այն թվերը, որոնք ներկայացվում են գյուղատնտեսության ոլորտում, իրականությանը համապատասխանում են, քանի որ մենք ունենք հավելագրումների եւ թերգրանցումների բազմաթիվ մեխանիզմներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, ապա հիշեցրեց՝ Հայաստանում կան բազմաթիվ ստվերային այգիներ:
Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաև հայկական կոնյակի մասին: Հայաստանում, նրա խոսքով, կան ընկերություններ, որոնք հայկական կոնյակ բրենդով արտադրում են ոչ հայկական կոնյակ: «Ներկրում են սպիրտ այլ տեղերից: Ու որպեսզի դա ներկայացվի հայկական կոնյակ, ներկայացվում են խաղողի կեղծ մթերումներ, որոնցից էլ իբր ստանում ենք հայկական կոնյակ: Այս տարի մենք սրա նկատմամբ ավելի խիստ ենք եղել, դրա պատճառով էլ հավելագրումներ չեն եղել, արձանագրվել է անկում»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Սոնա Դավթյան