Կառավարության պարտականությունն է վարել այնպիսի քաղաքականություն, որ քաղաքացին հավատա ինքն իր ուժերին: Այս մասին Ազգային ժողովում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով հարկ վճարողների թեմային՝ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում պաշտոնապես գրանցված է 350 000 աշխատող, որոնք իրենց վճարած հարկերով իրենց ուսերին են կրում սոցիալական, կրթության, առողջապահության ոլորտների, ճանապարհների նորոգման ու շինարարության և այլ համապետական խնդիրների պարտավորությունները:
«Մեր խնդիրն է վարել այնպիսի քաղաքականություն, որ քաղաքացին հավատա իր ուժերին, հավատա, որ ինքը կարող է բարիք ստեղծել, և հույս ունենալ, որ կառավարությունը կաջակցի այս պրոցեսին»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով` հեղափոխություն արած քաղաքացին պետք է իրավունք ու հնարավորություն ունենա բարիք ստեղծելու: Իսկ պետական բյուջեն Փաշինյանն առաջարկում է ավելացնել էլիտար թաղամասերում ու էլիտար շենքերում և տներում բնակվողների գույքահարկն ավելացնելով:
«Մենք ունենք հաշվարկ, որ գույքահարկի 1 տոկոսի նկատմամբ արդար դրույքաչափ սահմանելով` մենք երկրում հավաքագրվող ամբողջ գույքահարկի չափը կկրկնապատկենք: Այսինքն՝ եթե մենք էլիտար ունեցվածքը հարկենք այդ տրամաբանությամբ, մենք կարող ենք կրկնապատիկ ծավալ ստանալ»,- ասաց Փաշինյանը: