տուն Լուրեր Հայաստանում ընտրական քարոզարշավները վերածվում են խոստումների արշավի

Հայաստանում ընտրական քարոզարշավները վերածվում են խոստումների արշավի

175
0

Հայաստանում ընտրական քարոզարշավները՝ համապետական թե տեղական, ընտրողի հայեցողական դիրքորոշման հետևանքով վերածվում են խոստումների արշավի. մասնակից թեկնածուները յուրօրինակ մրցարշավի են դուրս գալիս. տրված աներևակայելի խոստումները երբեմն գլխապտույտ են առաջացնում ընտրողի մոտ: Խոստումների այդ հեղեղը խանգարում է ընտրողին ՝ նվազեցնելով ընտրությանը մասնակցելու դրդապատճառները, շարժառիթը, հետաքրքրությունը:
Մինչդեռ քաղաքացիական հասարակության ինստիտուտների ընտրողի հետ համապատասխան աշխատանքի հետևանքում հնարավոր է նախընտրական «խոստումների ժամանակաշրջանը» վերածել «խոստումներ կորզելու ժամանակաշրջանի»:

Հանրությունը ցանկացած ընտրարշավի ժամանակ պետք է ունենա ձևավորված առաջարկներ՝ միտված պետության ամրապնդմանը, տնտեսության զարգացմանը, սոցիալական խնդիրների լուծմանը և այլն:

Ցանկացած ընտրություն ենթադրում է պարիտետային՝ իրավահավասար փոխհարաբերություններ ընտրողի և ընտրվողի միջև:

Երևան քաղաքի ավագանու ընտրություններին կհաջորդի Երևանի 2800-ամյակի տոնակատարությունը:

Այդ կապակցությամբ ճիշտ կլիներ, որ երևանցիները ընտրական քարոզարշավի մասնակիցներին առաջարկություն ներկայացնեին, հաղթելու դեպքում, Երևանում նախաձեռնել պետական, մշակութային, կրթական, սպորտային և ազատ ժամանցի 28 շինությունների կառուցման գործընթաց՝ կառույցների նախագծման, ֆինաննսավորման, կառուցման աշխատանքներին մասնակից դարձնելով ամբողջ հայությանը: Այդ կառույցներն իրենց նշանակությամբ պետք է հավասարվեն օպերայի և բալետի շենքային համալիրին: Եթե, նույնիսկ, շինարարությունը ձգվի տասնյակ տարիներ ՝ պետք է նախաձեռնել այն:

Չէ ո՞ր հանրության դրական ընկալման դեպքում ցանկացած գաղափար ի վերջո դառնում է իրականություն:

Ի՞նչ պետք է պահանջել ավագանու ապագա անդամներից, քաղաքապետից, քաղաքապետարանից:
Առաջին հերթին հողահատկացում (քաղաքում կան հարյուր հազարավոր քառակուսի մետրեր ընդգրկող նախկին արտադրական, կենցաղային և այլ բնույթի բազմաթիվ չօգտագործվող ձեռնարկություններ, հիմնարկներ, տարածքներ), Հայաստանից և սփյուռքից երիտասարդ ու խոստումնալից նախագծող- ճարտարապետների ներգրավում, գաղափարի հանրայնացման միջոցով՝ ֆինանսական աղբյուրների հայթհայթում և այլն:

Նաև նմանատիպ գաղափարներն ու դրանց իրականացումներն են համախմբում մարդկանց որպես մեկ էթնիկ, սոցիալական և մշակութային հանրություն:

Ձոնիկ Մարգարյան