Տնտեսագետ Հարություն Մեսրոբյանը, խոսելով դրամ-դոլար տատանումների մասին, ասում է` տատանումներ չի տեսնում, ավելի` զարմանալի կլիներ` տատանման բացակայությունը:
«Հայաստանը ֆինանսական շուկայում վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն, իսկ լողացող փոխաարժեքը ենթադրում է տատանում: Եթե մեկ շաբաթվա ընթացքում այդ տատանումը չի անցնում 3 տոկոսը, պետք չէ որպես սպառող դրա վրա ոււշադրություն դարձնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետն ու հավելեց` Հայաստնում 1 տոկոսն էլ չի անցել տատանումը, հետևապես այդ մասին խոսելու հարկ չկա:
Անդրադառնալով ՀՀ տնտեսությանը, Մեսրոբյանը նկատեց` այն իր դերի մեջ է:
«ՀՀ—ն մրցունակ չէ` պայմանավորված մի քանի գործոններով, որոնցից առաջինն այն է, որ օլիգարխիան և իշխանությունը սերտաճած են, գործում է միայն օլիգարխի գերշահույթի շահը, օրինակ, շուկայում նավթի գնի 25 տոկոս անկում եղավ, իսկ մեզ մոտ անկումը 1 տոկոս էլ չկազմեց»,- ասաց Հարություն Մեսրոբյանը:
Ինչպես նշեց տնտեսագետը, Հայաստանում տարվող տնտեսական քաղաքականության պայմաններում ոչ մի լավ բան չի սպասվում, ու երկիրը կմնա ոչ մրցունակ, քանի դեռ բուն պատճառի մասին չի խոսվում:
Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը ցավով հայտնեց, որ Հայաստանի տնտեսությունը գահավիժում է:
«Հայաստանը տնտեսական առումով հզոր հաղթաթուղթ ունի. ոչ մի երկիր չկա, որ էլեկտրաէներգիայի ավելցուկ ունենա, իսկ Հայաստանն ունի: Մեր տնտեսության ոչ բարվոք վիճակը քիչ մասով է կախված ոչ միայն միջազգային իրադարձություններից կամ հարաբերություններից, այլ՝ ներքին ոչ խելամիտ կազմակերպվածությունից: Մի՞թե պետք է մարդկանց բացատրել, որ պետք է, օրինակ, տրանսպորտը շահագործել էներգիայով: Այնպես որ, ամեն ինչ կախված է նրանից, թե ոնց ենք մենք կազմակերպում մեր տնտեսությունը», — նշեց Արմեն Պողոսյանն ու ավելացրեց`այն, ինչ տեղի է ունենում, մտածողության աղետ է: