Ս. թ. մայիսի 23–ին, ժամը 12:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է բացառիկ ստեղծագործությանների ցուցադրությունը:
Առաջին անգամ Հայաստանում ցուցադրվում են ֆրանսահայ հանրահայտ արվեստագետ Լևոն Թութունջյանի (1905-1968) աշխատանքները՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված հանրահայտ «Դեղին դիմակ» սյուրռեալիստական ստեղծագործությունը, ինչպես նաև 24 գրաֆիկական աշխատանքներ և արվեստի տարաոճ 3 քանդակ:
Ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կգործի մինչև ս. թ. հունիսի 14-ը:
Թութունջյանը թաշիզմի և թանձրացյալ արվեստի հիմնադիրներից էր և դրանց մանիֆեստի համահեղինակներից: Լինելով նաև Փարիզի սյուրռեալիստների միության հիմնադիրներից՝ Թութունջյանը համարվում է սյուրռեալիստական ոճի ականավոր ներկայացուցիչ:
1925 թվականից նրա ստեղծագործությունները ցուցադրվել են եվրոպական հանրաճանաչ ցուցասրահներում, մեծագույն նկարիչների հետ, այդ թվում՝ Փարիզյան «Պյեր Կոլ» ցուցասրահում կազմակերպած սյուրռեալիստ արվեստի ցուցահանդեսին (1933 թ.)` Պիկասոյի, Դալիի, Բրետոնի, Միրոյի, Մագրիտի, Ջակոմետիի և այլոց ստեղծագործությունների կողքին:
Թութունջյանի «Դեղին դիմակ» հանրաճանաչ ստեղծագործությունը, որը ցեղասպանությունը վերապրած արվեստագետի լավագույն գործերից է, վերջին անգամ ցուցադրվել է 1988 թվականին, Մոսկվայի Տրետյակովյան ցուցասրահում, «Գարիկ Բասմաջյան» մասնավոր պատկերասրահի կողմից: Ներկայացվող գրաֆիկական աշխատանքները թաշիզմի, աբստրակցիայի և սյուրռեալիզմի` նախորդ դարի 20-60-ական թվականների բացառիկ նմուշներ են: