տուն Լուրեր Հայաստանում անտառների հրդեհների հետևանքները

Հայաստանում անտառների հրդեհների հետևանքները

133
0

maxresdefault

Այս տարվա ամառն առանձնանում էր ոչ միայն աննախադեպ շոգ եղանակով, այլ նաև հանրապետության տարբեր հատվածներում հրդեհների քանակով: Հիմնականում նշվում է, որ հրդեհների պատճառը շոգ եղանակն է, սակայն բնապահպաններից շատերը վստահ են, որ պատճառը կարող է նաև մարդածին լինել:

Araratnews.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հրդեհների պատճառներին, բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանը նշեց, որ ամռան շոգը կարող էր նպաստել հրդեհների բռնկմանը, բայց հիմնականում դրանք անփութության հետևանք են. «Օրինակ` Խոսրովի անտառն ինչո՞ւ պետք է այդքան այրվեր: Հիմա կասկածներ կան, և ես ինքս կարծում եմ, որ դա միտումնավոր է արված, այդտեղ անպայման մարդկային գործոնը կա: Դա արգելոց է, որտեղ մեծ շտաբ կա իր աշխատողներով, այդ ինչո՞վ էին զբաղված, ինչո՞ւ չեն նկատել ժամանակին, ինչո՞ւ չեն մարել»:

Բնապահպանի խոսքով` հիմա մենք պետք է առավել ուշադիր լինենք, որովհետև առանց այն էլ անտառները տարբեր պատճառներով, նաև` անօրինական կերպով, հատվում են. «Կա նաև հանքարդյունաբերության խնդիրը, հանքերը գտնվում են բարձր մակարդակի վրա, այնտեղ, որտեղ անտառներն են: Եվ անտառները հատվում են, որպեսզի հանքը կարողանա հանքարդյունաբերական աշխատանքն իրագործել: Այդ դեպքում ոչ միայն անտառներն ենք կորցնում, այլև այդ տեղերը մեր տարածաշրջանի ջրագոյացման գոտիներն են, և երբ ասում ենք, որ ջրային ռեսուրսների քանակը նվազում է, դա ոչ միայն գլոբալ տաքացման հետևանք է, այլ տեխնածին գործոն: Մենք մեր ձեռքով կտրում ենք այն ճյուղը, որի վրա նստած ենք: Վաղը-մյուս օր մենք և՛ ջրի պակաս կզգանք, և՛ անտառի պակաս, և՛ հողի, նաև շոգը կավելանա, և սա մարդկանց անփութության հետևանք է:

Իսկ թե որո՛նք կլինեն խոտածածկ տարածքների այրման հետևանքները, մեր զրուցակիցն ընդգծեց. «Մեզ մոտ առանց այդ էլ անտառածածկ գոտիները քիչ են: Իսկ հիմա այդ հրդեհները լրացուցիչ վերացնում են այդ տարածքները: Դա բերում է նրան, որ կունենանք քամիներ, այնտեղ, որտեղ շատ ձյուն ենք ունեցել, ավելի պակաս ձյուն կլինի և հակառակը: Եվ իհարկե, ջրային ռեսուրսների կորուստ կունենանք, որովհետև անտառը` արմատները, թփուտները, պահում են ջուրը, ձյունը, խոնավությունը»:

Ինչ վերաբերում է հրդեհներից հետո անտառների վերականգնման աշխատանքներին, բնապահպանն ընդգծեց. «Չի կարելի Խոսրովի անտառում վնասները վերականգնել, այնտեղ չի կարելի տնկել կամ որևէ այլ բան անել: Դա պետք է բնականորեն վերականգնվի: Բնությունն ինքնավերականգնման, ինքնամաքրման, վերակենդանացման ունակություն ունի, և մենք պետք է թույլ տանք, որ այդ ունակությունը կարողանա օգտագործել, չխանգարենք նրան: Իսկ մյուս անտառները հնարավոր է վերականգնել, տնկիներ դնել, բայց մոտ 20 տարի է պետք, որ դրանք ծառ դառնան»:

Նշենք, որ Հայաստանում խոշոր հրդեհները սկսվեցին օգոստոսի 11-ից Վայոց ձորի անտառային տարածքներում: Օգոստոսի 12-ին խոշոր հրդեհ սկսվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Հրդեհներից անմասն չմնաց նաև Բյուրականի անտառը, որտեղ երեկվանից մինչև այսօր ժամը 13:00-ը շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները:

Էմմա Հովսեփյան