Կառավարությունն այսօր տվեց իր համաձայնությունը. դեկտեմբերից սկսած 13 տարեկան աղջիկները պատվաստվելու են պապիլոմավիրուսի դեմ: Հայաստանը օգտագործելու է «Գարդասիլ» պատվաստանյութի քառավալենտ տարբերակը : Այսինքն՝ պատվաստումը իրականացվելու է 6 ամիսը մեկ՝ 2 չափաքանակով: Առողջապահության նախարարությունն այս պատվաստումը պարզաբանում է արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերով։ Պապիլոմավիրուսի 16 եւ 18 շրջատիպերով են պայմանավորված կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման 71 տոկոս դեպքերը։
ՀՀ ԱՆ Հիվանդությւոնների վերահսկման և կանխարգելման կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլաննա Գրիգորյանի պնդմամբ Հայաստանում կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղը կրծքագեղձի քաղցկեղից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում: Ամեն տարի մոտ 250 կնոջ մոտ առաջանում է արգանդի պարանոցի քաղցկեղի առաջնային դեպք: Յուրաքանչյուր 100,000 կնոջից 8-9 ամեն տարի մահանում է Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղից:
«Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը մեջբերում է ԱՄՆ գինեկոլոգիայի եւ մանկաբարձության պրոֆեսոր, Գարդասիլ պատվաստանյութի հետազոտող Դիանա Հարփերի կարծիքը:
«Երբ կինը վարակվում է պապիոլոմավիրուսով, ապա 2-3 տարվա ընթացքում 90 տոկոսով վիրուսը ինքը իրենով մաքրվում է, վարակված կանաց միայն 5 տոկոսի մոտ է, որ վիրուսը կարող է առաջացնել նախաքաղցկեղային ախտահարում»: